12 դեկտեմբերի 2025 – 19:03 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը վտանգավոր է անվանել Գերմանիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որով նա առաջարկել է համատեղ ընդունելճանապարհային քարտեզ՝ «Ղարաբաղի հայերի և Արևմտյան ադրբեջանցիների մասին թեմաները փակելու ուղղությամբ»։
Վարդանյանը շեշտել է, որ գործող իշխանությունները շարունակաբար պնդել են, թե «Արևմտյան Ադրբեջանի» թեման գոյություն չունի, սակայն հիմա պարզ է դառնում, որ, այնուամենայնիվ, «արևմտյան ադրբեջանի» պահանջ կա և Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ հասկանում է, հայտնում է Panorama.am-ը։
Նրա համոզմամբ՝ անթույլատրելի է համեմատել Ադրբեջանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի թեման Արցախից տեղահանված հայերի հարցի հետ։
«Համեմատականներ անցկացնել «արևմտյան ադրբեջանի»՝ հետևաբար 300 հազար ադրբեջանցիների բնակեցման և Արցախի մեր հայրենակիցների էթնիկ զտման միջև՝ ես կարծում եմ, որ բարոյականության որևէ նորմերի մեջ չի տեղավորվում, եթե չփորձենք բերել նաև իրավական և քաղաքական դաշտ, որովհետև այս առումով ստացվում է, որ մի կողմից դու համաձայնում ես, որ այնուամենայնիվ 300 հազար ադրբեջանցիների բնակեցման թեման կա և մյուս կողմից էլ փորձում ես դրա դիմաց ինչ-որ գործարքներ առաջարկել»,–ասել է նա։
Պատգամավորը սա համարում է հերթական քայլը՝ Արցախի և արցախցիների հարցը պետական օրակարգից ընդհանրապես դուրս մղելու ուղղությամբ։
«Սա Փաշինյանի հերթական քայլն է ընդհանրապես փակել արցախցիների և Արցախի հարցը, ինչի հետ արցախցի մեր հայրենակիցները համաձայն չեն։ Փաշինյանը չէ, որ որոշելու է արցախցիների վերադարձի հարց կա , թե ոչ»,–ասել է Վարդանյանը։
Նրա գնահատմամբ՝ եթե Հայաստանի ղեկավարությունը իսկապես մտածեր հավասարության սկզբունքի մասին, ապա պետք է առաջին հերթին բարձրացներ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի հարցը։
«Բայց Փաշինյանը հրաժարվում է այն մտքից, իրողությունից, որ տեղի է ունեցել Ադրբեջանում այսօրվա ՀՀ քաղաքացիների հանդեպ և դրա փոխարեն առաջարկում է բոլորովին այլ բան՝ մոռանալ Արցախը, մոռանալ արցախցիների վերադարձի հարցը։ Սա շատ վտանգավոր է, որովհետև այն Ադրբեջանի համար հիմք է ստեղծելու ընդհանրապես միջազգային ատյաններում հղում անել Նիկոլ Փաշինյանի խոսքերին»,- ասել է Վարդանյանը։
Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առաջարկում է Ադրբեջանին համատեղ մշակել ճանապարհային քարտեզ՝ զուգահեռաբար փակելու «Արևմտյան Ադրբեջանի» և Ղարաբաղի հայերի վերադարձի հարցերը։
«Ադրբեջանը մի կողմից ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է գրված է «Ղարաբաղի հայեր»: Ես 2025-ի օգոստոսի 8-ին հաջորդած օգոստոսի 18-ի իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է»,–ասել է՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությանը, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո տեղահանված Ղարաբաղի հայեր» ձևակերպումը: