Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների ժամանակ քննիչները փրձել են Արցախի ներդրումային հիմնադրամի փաստաթղթերում գտնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ-որ նյութեր, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ տեղում արցախցիները քննիչներին հիշեցրել են, որ չհրկիզվող պահարանի բանալին նախորդ խուզարկության ժամանակ ՔԿ-ն տարել է, նրանց չեն հավատացել: Սեյֆը կոտրելու համար ներկայացուցչություն են կանչել փրկարար ծառայությանը, և միայն կոտրելուց հետո են կապվել գերատեսչության հետ ու պարզել, որ բանալին ՔԿ-ում է։
Դեկտեմբերի 11-ին Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ էին սկսվել, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Քննչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, այլ մանրամասներ չէին հայտնել։ Իսկանդարյանն ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր, որ կա դատարանի որոշում, ըստ որի՝ ՔԿ-ն անհրաժեշտության դեպքում կարող է փաստաթղթեր առգրավել։
