Աշխարհի առաջատար համալսարանների հայ շրջանավարտները նոր համայնք են ձևավոում և ազդարարում անդրանիկ միջոցառման մասին

Աշխարհի առաջատար համալսարանների հայ շրջանավարտները նոր համայնք են ձևավոում և ազդարարում անդրանիկ միջոցառման մասին

13 դեկտեմբերի 2025 – 10:23 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբն, աշխարհի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների հետ համատեղ, ստեղծել են մի հարթակ, որի նպատակն է համախմբել ՀՀ-ից դուրս կրթություն ստացած հայ մասնագետներին և ձևավորել ազդեցիկ, վստահելի ու համագործակցային համայնք։ Նախաձեռնությունը միտված է հայկական կրթական ներուժի համախմբմանը, մասնագիտական կապերի ամրապնդմանը և գիտելիքահեն նախաձեռնությունների իրագործմանն՝ ի նպաստ Հայաստանի շարունակական զարգացման։

Շրջանավարտների նախաձեռնության մասին ազդարարող մեկնարկային միջոցառումը տեղի է ունենալու դեկտեմբերի 25-ին, որտեղ առաջին անգամ մեկ հարկի տակ կհամախմբվեն համայնքի հիմնադիրները, անդամներն ու հյուրերը:

Նախաձեռնության գլխավոր գործընկերն Ամերիաբանկն է: Որպես գործընկերներ նախաձեռնությանը միացել են նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն և Բոյդեն Արմենիան:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն նախաձեռնության հիմնարար արժեքներն ու նպատակները, առաջիկա ծրագրերը, ինչպես նաև կրթական, մշակութային ու բարեգործական ծրագրերը։

Աշխարհի առաջատար 12 համալսարանի մոտ 50 շրջանավարտ արդեն իսկ հաստատել է իր մասնակցությունն առաջիկա միջոցառմանը: Համալսարանների ցանկում են Օքսֆորդի, Ստենֆորդի, Հարվարդի, Քեմբրիջի համալսարանները, Լոնդոնի Իմփերիալ քոլեջը, Չիկագոյի, Կոլումբիայի, Էդինբուրգի և Մանչեսթերի համալսարանները, ինչպես նաև INSEAD-ը և Լոնդոնի բիզնես դպրոցը։ Միջոցառմանը կարող են մասնակցել աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստացած հայ մասնագետները: Գրանցումը` հղումով:

Համայնքի հիմնադիրներն ընդգծում են, որ նպատակ ունեն դառնալու վստահելի կամուրջ Հայաստանի և աշխարհի տարբեր հատվածներում ապրող ու աշխատող հայ մասնագետների միջև՝ առանցքում պահելով համաշխարհային արդիական գիտելիքի և փորձի փոխանակումը, մասնագիտական ու սոցիալական համագործակցության խթանումը, մենթորական և ուղղորդման մշակույթի զարգացումը:

Նախաձեռնությանը կարող են միանալ աշխարհի առաջատար համալսարանների մագիստրատուրայի, դոկտորական, ինչպես նաև միջազգային MBA, MPA, EMBA և այլ կառավարչական ծրագրերի շրջանավարտները։

Հարթակի գործունեության առանցքային ուղղություններն են.

  • Մասնագիտական համայնքի և կապերի ձևավորում. Մեկ հարթակում կհանդիպեն տարբեր ոլորտների և սերունդների հայ մասնագետները, կհաստատեն կապեր և կստեղծեն համագործակցության հնարավորություններ:
  • Փորձի ու գիտելիքի փոխանակում. կկազմակերպվեն քննարկումներ, թեմատիկ հանդիպումներ և աշխատաժողովներ, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց փորձառությունը, կծանոթանան կարիերայի հնարավորությունների և նոր գաղափարների:
  • Մենթորություն և մասնագիտական աջակցություն. Կնպաստեն սկսնակ և միջին մակարդակի մասնագետների աճին, փորձի փոխանցմանը և վստահելի հարաբերությունների ստեղծմանը:
  • Գիտելիքահեն միջոցառումների պարբերական անցկացում. Կկազմակերպվեն ամաշխարհային միտումներին, նորարարական լուծումներին և Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններին նվիրված քննարկումներ։ Միջոցառումները կվարեն ինչպես համայնքի անդամներն, այնպես էլ՝ հրավիրյալ մասնագետներ։

Մասնագիտական գործունեությանը զուգահեռ համայնքի գաղափարական հենքում տեղ են գտնելու նաև կարևոր բարեգործական նախագծեր՝ ի նպաստ կրթական, մշակութային և սոցիալական ուղղությունների զարգացման:

Բարեգործական նախաձեռնությունների մեկնարկը կազդարարվի համայնքի անդրանիկ միջոցառման ընթացքում: Հատկանշական է, որ ձևավորվող համայնքի անդամների և հյուրերի կատարած հանգանակությունների մի մասը կուղղվի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի օժանդակությանը:

Leave a Comment