«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը առանձնազրույց է ունեցել թիմի եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ, որն անցել է կառուցողական մթնոլորտում։ Այս մասին հայտնում է լրագրող Լյուիս Սթիլը։
Սթիլի փոխանցմամբ՝ Սլոթը և Սալահը ողջունել են միմյանց ձեռքսեղմումով և քայլ են արել վերջին կոնֆլիկտից հետո լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Չնայած զրույցի դրական բովանդակությանը՝ տարաձայնությունները դեռևս ամբողջությամբ չեն հարթվել։ Իրավիճակը մասամբ մնում է չլուծված։ Այնուամենայնիվ, ակումբը հույս ունի խաղացող–մարզիչ հարաբերություններում հետագա առաջընթացի հասնելու։
Սալահն արդեն վերադարձել է թիմի հայտացուցակ՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղի համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 33-ամյա խաղացողը դուրս էր մնացել մերսիսայդցիների հայտացուցակից Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղից առաջ (0-1)։