Լրագրողները նույնականացրել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ավելի քան 155,000 ռուս զինծառայողների անունները

Քաղաքականություն

12.12.2025 | 23:18

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր առաջնագծում զոհվել է առնվազն 155 368 ռուս զինծառայող։ BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի լրագրողները, կամավորների խմբի հետ միասին  պարզել են զոհերի ինքնությունը, գրում է Current time-ը ։

Բոլոր մահացածների 1/3 կամավորներ են, որոնք պայմանագրեր էին կնքել ռուսական բանակի հետ 2022 թվականին պատերազմի սկսվելուց հետո: Հետազոտողները նշում են, որ ընդամենը մեկ տարի առաջ այս կատեգորիան կազմում էր մահացածների միայն 15%-ը: Լրագրողները այս կատեգորիայի զոհերի թվի աճը բացատրում են նրանով, որ կամավորներն այժմ տեղակայվում են ռազմաճակատի ամենադժվար հատվածներում, հիմնականում՝ Դոնեցկի մարզում:

Բոլոր մահացածների 13%-ը դատապարտյալներ են, որոնք ռազմաճակատ են ուղարկվել ուղղիչ գաղութներից և նախնական կալանքի կենտրոններից, իսկ 11%-ը՝ մոբիլիզացվածներն են:

Բաշկորտոստանը և Թաթարստանը առաջատար են հաստատված զոհերի բացարձակ թվով։

Հետազոտողները զոհերի ցուցակները կազմում են բաց աղբյուրների հաղորդագրությունների հիման վրա՝ լրատվամիջոցների հաղորդագրություններ, տեղական ինքնակառավարման մարմինների հայտարարություններ, հարազատների սոցիալական ցանցերի գրառումներ և գերեզմանատների տվյալներ։ Լրագրողների կարծիքով՝ ռուսական կողմի իրական մահացածների թիվը կարող է լինել 239 000-ից 345 000։

Ո՛չ Մոսկվան, ո՛չ Կիևը չեն բացահայտում պատերազմում  իրենց կորուստների թիվը՝ հաղորդելով միայն հակառակորդի  կորուստների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment