Պետությունը կապահովի խոշտանգումից տուժածների անվճար հոգեբանական աջակցությունը


Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել  խոշտանգումից տուժած անձանց անվճար հոգեբանական աջակցություն տրամադրելու նախագծի վերաբերյալ  քննարկմանը: 


 


Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ անդրադառնալով նախագծին և դրա հիմքում ընկած վերլուծությանը, կարևորել է խոշտանգումից տուժած անձանց ժամանակին և հասանելի հոգեբանական օգնության տրամադրումը և վերահաստատել պետության պատրաստակամությունը՝ գործնականում ապահովելու նման օգնության հնարավորությունը՝ այս հանցանքից տուժողի կարգավիճակ ունեցող բոլոր անձանց համար:


 


 


Քննարկմանն անդրադարձ է կատարվել խոշտանգումից տուժած անձանց անվճար հոգեբանական աջակցություն տրամադրելու՝ միջազգային չափանիշներին համապատասխան կառուցակարգերի ներդնման անհրաժեշտությանը, ինչպես նաև ներկայացվել են ոլորտում առկա մարտահրավերներն ու բարելավման ուղիները։


 


Ներկայացվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 26-ի N 1367-Ն որոշման մեջ փոփոխություններ նախատեսող նախագիծը, որի նպատակն է կատարելագործել խոշտանգումից տուժած անձանց աջակցության տրամադրման իրավական դաշտը և ապահովել գործնականում որակյալ ծառայությունների տրամադրումը։ Նախատեսվում է նման ծառայությունների տրամադրումը պատվիրակել համապատասխան կազմակերպությանը՝ սահմանելով փորձառու հոգեբանների ներգրավման հստակ չափանիշներ։


 


Միջոցառմանը մասնակցել են պետական շահագրգիռ մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Քննարկման արդյունքներով Կառավարության որոշման նախագիծը կլրամշակվի, և կապահովվեն հետագա ընթացակարգերը։


 


Քննարկումը կազմակերպվել էր Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:


 

Leave a Comment