Փաշինյանի հերթական ռազմավարական գործարքն Ալիևին. Ի՞նչ գին է վճարելու Հայաստանը

«Բաքվի ոչ ռազմական պատերազմները՝ ընդդեմ Հայաստանի» վերտառությամբ հոդվածում չէինք բացառել, որ մի օր Նիկոլ Փաշինյանը բանակցություններ վարի «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչների հետ: Այսինքն, ի վերջո, տրվի Ալիևի պահանջին և սա դարձնի օրակարգային հարց, հատկապես, երբ նույն ժամանակ «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ուղի» միջազգային համաժողովի մասնակիցներին հղած իր ուղերձում Ալիևը կրկնել էր իր նշված պահանջը:

«Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պահպանումն ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է»,- ընդգծել էր նա:

Եվ սրանից օրեր հետո Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է հետևյալը.

«Եվ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ՝ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձն իրատեսական չէ։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և այն սկսելու փորձերը օգտակար չեն: Բայց մյուս կողմից՝ Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը։

Հիմա պետք է հասկանալ, թե որը որի պատճառն է, որն է պատճառ, և որը՝ հետևանք։
Ես ասում եմ՝ եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք, թե ոնց ենք այս թեման հանում, որովհետև այս թեման հանելը նշանակում է երկարաժամկետ
ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ: Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», և այո, եթե մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն դա պետք է ամբողջական իրականացվի»:

Ստացվում է՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանը փակում է Արցախի հարցի էջը, հետո հայտարարում, որ Հայաստանում չկա «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից՝ ճանապարհային քարտեզի անվան տակ գործարք է առաջարկում Բաքվին, դրանով իսկ լեգիտիմացնում Ալիևի պահանջը և «Արևմտյան Ադրբեջան» վերտառությամբ համայնքի պահանջներն ու «իրավունքները» դարձնում, այսպես ասած, խաղաղության բանակցությունների թեմա: Ընդ որում, գործ ենք ունենում միակողմանի գործընթացի հետ. փակված է արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը, բայց «պատուհան» ենք թողնում «արևմտյան ադրբեջանցիների» համար:

Փաշինյանի հայտարարության մեջ մեկ այլ մտահոգիչ ձևակերպում էլ կա, մասնավորապես. «Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», և եթե մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն դա պետք է ամբողջական իրականացվի»:

Հայաստանը դեռ տարիներ առաջ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշվել է հստակ թիվ՝ 86 600 քառակուսի կիլոմետր: Մինչդեռ Ադրբեջանը հստակ թվերով դեռ չի նշել կամ ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, քանի որ չի ավարտվել սահմանազատման և սահմանագծման գործընթացը:Ավելին, ինքը՝ Փաշի

նյանը, սկզբում հայտարարել է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 800 քկմ է, հետո այն դարձրել է 29 743 քկմ, իսկ «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերտառությամբ հոդվածում էլ ակնարկել, որ ներկա դրությամբ ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ: 

Այլ հարց է, որ հոդվածում արված խոստովանության մասին անմիջապես մոռացել է: Եվ հիմա, երբ ասում է՝ «…դա պետք է ամբողջական իրականացվի», ի՞նչ կամ ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը՝ Ադրբեջանի՞ն, թե՞ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի համատեքստում տողատակում այլ բան կա:

Ի վերջո, չպետք է մոռանալ, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք, ինչպես Փաշինյանն է մի առիթով հայտարարել, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ:

Խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքի 60 տոկոսի մասին է: Ինչպե՞ս է պատրաստվում Փաշինյանը փակել այս հարցը, որն Ալիևը չի պատրաստվում փակել, կամ, երբ այն դարձնում է քննարկման թեմա՝ «ճանապարհային քարտեզի» անվան տակ Ալիևին գործարք առաջարկելով: Արդյո՞ք սկզբի համար դա արտահայտվելու է «ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնմամբ», ինչն ադրբեջանցիների համար ճանապարհ է հարթելու դեպի Հայաստան:

Սա շատ վտանգավոր միտք կլինի, հատկապես, երբ դժվար Փաշինյանը մտածի, որ 44-օրյա պատերազմում զոհվածի ծնողներ կան, որոնց որդիների գերեզմանները մնացել են Արցախում, և զրկված են այցելելու իրավունքից: Եթե փակում է արցախցիների վերադարձի թեման, ինչո՞ւ չի մտածում նրանց որդիների շիրիմների տեղափոխման մասին:

Քանի որ խոսեցինք գործարքի մասին, հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանն Ալիևին ռազմավարական դաշինք կնքելու առաջարկ էր արել.

«Ես կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության ու խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության ու տարբեր պայմանագրերի կարիք, այլև ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակներում են առաջիկա 100 տարիներում, որպես անկախ պետություններ, իրար կողք կողքի ապրելու»:

168.amգրել էր, որ գործ ունենք ոչ թե պետությունների միջև դասական ռազմավարական դաշինքի, այլ՝ Ալիև-Փաշինյան պայմանավորվածության հետ:

Ի դեպ, Ալիևը ռազմավարական գործարք կնքելու Փաշինյանի առաջարկին պատասխանել է մեկ այլ գործարք-առաջարկով: Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել էր համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:

Այսինքն, արտաքուստ հիմքը դարձյալ Արցախն է, սակայն այն չի շրջանցում Հայաստանը: Ի դեպ, կար ժամանակ, որ Փաշինյանն «Արևմտյան Ադրբեջանը» նույն հարթության մեջ էր դնում «Արևմտյան Հայաստանի» հետ, ինչը դարձյալ տեղին չէր, մեղմ ասած: Իսկ «Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանական խոսույթի վտանգավորությունը Փաշինյանը շատ լավ գիտակցել է դեռ 44-օրյա պատերազմից առաջ: Մասնավորապես, 2020 թվականի հունիսի 19-ին ԱԽ նիստում Փաշինյանը նկատել է.

«Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում»:

Leave a Comment