«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը
– Պարո՛ն Փոլադյան, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության նոր օրակարգը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ Նման հայտարարության համար կա՞ն հիմքեր, թե՞ սա Ադրբեջանի հերթական չհիմնավորված պատճառաբանությունն է, որպեսզի խուսափի պայմանագրի ստորագրումից:
– Անշուշտ այս հայտարարությունը անհիմն է, դուք հրաշալի ընդգծեցիք, որ սա հերթական պատրվակն է Ադրբեջանի համար, բայց այս անգամ՝ շատ վատ քողարկված: Այս հայտարարությունը միտված է խաղաղության վերաբերյալ առկա, թեև չափազանց փխրուն, բայց ինչ-որ ձևով ծավալվող բանակցությունները խաթարելուն:
Ադրբեջանի ահաբեկչական վարչախումբն այս անգամ, ի զարմանս ինձ, չի կարողացել կամ ինչ-ինչ պատճառներով չի ցանկացել նորմալ սքողել այն, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունները հնչեն ամենաբարձր, նկատի ունեմ՝ ԱԳ նախարարության մակարդակով արվող հայտարարությանը համապատասխան, որովհետև ամենաբարձր մակարդակով նման անհիմն հայտարարություն չի կարող արվել:
Պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանում շատ վտանգավոր իրողություն է ստեղծվել այն իմաստով, որ Ադրբեջանը սկսել է անգամ պետական մակարդակի խոսքում շատ ջանքեր չգործադրել թաքցնելու այն մտայնությունները, որոնք Ադրբեջանի վարած իրական քաղաքականության հիմքն են:
– Իսկ ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանը սկսել է չթաքցնել իրական նպատակները:
– Կարծում եմ, որ սա հերթական անգամ ժամանակավոր ռազմական հաջողությունների էյֆորիան պահպանելու գործիք է, սեփական հանրության առաջ Հայաստանի հաշվին իրենց հեղինակությունը բարձրացնելու առիթ է, խորացող սոցիալական ու տնտեսական խնդիրները արդարացնելու հիմք է, որ ռազմական բյուջեն են ավելացնում: Ադրբեջանը շարունակում է նաև կիրառել այնպիսի բառապաշար, որը բնավ չի բխում խաղաղության համատեքստից, այնտեղ ամենաբարձր մակարդակով շարունակվում է խորացող հայատյացության քարոզը։
– Պարո՛ն Փոլադյան, Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, թե Հայաստանի սպառազինության ձեռքբերումը, այս կամ այն երկրի հետ հարաբերությունների խորացումը հակասում են խաղաղության օրակարգին, շանտա՞ժ են, թե՞ Հայաստանի ներքին գործերին միջամտություն:
– Երկուսը միասին, Ադրբեջանի համար միջազգային իրավական նորմերի խախտումը սովորական բնույթ է կրում, ու դրանց զուգորդված շարունակական առաջ տանելն արդեն պրակտիկա է դարձել այս երկրի համար:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am