12 դեկտեմբերի 2025 – 18:06 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի ավելի վաղ, քան նախապես նախատեսված էր։ Համապատասխան օրենքն ուժի մեջ կմտնի դրա ստորագրման հաջորդ օրվանից։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցման համար։
«Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի փոփոխություն ենք արել։ Այն կմտնի ուժի մեջ ստորագրման հաջորդ օրվանից։ Եվ ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիսը կդիտարկվի նոյեմբեր ամիսը։ Դեկտեմբերն աշխատավարձերի ու պարգևավճարների հավելյալ հաշվարկների առումով շեղող ամիս է, դրա համար դիտարկել ենք նոյեմբեր ամիսը։ Այսինքն՝ օրենքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերին՝ ստորագրման հաջորդ օրվանից։ Որպես հաշվարկային աշխատավարձի բազա կդիտարկվի նոյեմբեր ամիսը, վճարման առաջին ամիսը կլինի մինչև հունվարի 20-ը»,-ասել է Ավանեսյանը, հայտնում է Արմենպրեսը։
Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից:
ԱԺ-ն օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունել էր դեկտեմբերի 4-ին։ Այդ նախագծով օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2026 թվականի հունվարի 1-ից։
2026 թվականից համակարգի մասնակից կդառնան 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող աշխատող քաղաքացիները։ Պետության կողմից կապահովագրվեն նաև մինչև 18 և 65-ից բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան և հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները։ Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդ երկու տարիների ընթացքում։
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։