12 դեկտեմբերի 2025 – 16:32 AMT
PanARMENIAN.Net – Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ օրեր առաջ Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:
Այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման շուրջ, փոխվարչապետը պատասխանել է. «Այո, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան», հայտնում է «Ազատությունը»։
«Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական»,- ասել է փոխվարչապետը։
Գրիգորյանը կոնկրետ չի պատասխանել, թե փոխադարձ առևտրի էլ ի՞նչ ոլորտներ են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը։
«Այլ ապրանքների գծով քննարկումները դեռ շարունակվում են»,–ասել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի Արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևն էր հայտարարել, որ սահամանզատման գործընթացին զուգահեռ փոխվարչապետերը քննարկել են նաև երկու երկրների միջև փոխադարձ առևտրի որոշակի ոլորտներ։ Եվ որ այժմ քննարկվող ոլորտներից մեկը նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան: