12 դեկտեմբերի 2025 – 17:12 AMT
PanARMENIAN.Net – Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց։ Վերջինիս նկատմամբ որեւէ տեսակի խափանման միջոց ընտդված չէ։ Շնորհակալություն Դատավոր Գարիկ Աբելյանին»,–գրել է նա։
Հոկտեմբերի 16-ին Կոչուբաևը բերման էր ենթարկվել Շենգավիթի դատարանի շենքից ֆեյսբուքյան գրառման պատճառով, որտեղ նա կոշտ էր արտահայտվել դատավորների հասցեին։ Հոկտեմբերի 17-ին նա 2 ամսով կալանավորվեց, սակայն, մի քանի օր անց նրա կնոջ առողջական վիճակը լրջորեն վատթարացել էր ծննդաբերությունից հետո, որի պատճառով Կոչուբաևի խափանման միջոցը փոխարինվել էր բացակայելու արգելքով։
Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է դատավորի, դատախազի կամ քննիչի վերաբերյալ արատավորող կամ նրանց օրինական իրավունքներին և շահերին վնաս հասցնող տեղեկություն հրապարակելուն՝ այդ անձանց ծառայողական կամ մասնագիտական գործունեության կապակցությամբ։