Պուտինն ու Էրդողանը հանդիպում են Աշգաբաթի ֆորումի շրջանակներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

12.12.2025 | 16:36

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ հանդիպում են անցկացնում Աշգաբաթում։

Երկու առաջնորդները մամուլի ներկայությամբ որևէ հրապարակային հայտարարություն չեն արել։ Հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի պատվիրակության կազմում էին, ի թիվս այլոց, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը։

Թուրքական կողմից մասնակցում են նաև արտգործնախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահի հաղորդակցության տնօրեն Բուրհանեթթին Դուրանը, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը և Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Հալիթ Երեբականը։

Պուտինի և Էրդողանի հանդիպումը տեղի է ունենում «Խաղաղություն և վստահություն» ֆորումի շրջանակներում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պեսկովը, ֆորումում Թուրքիայի առաջնորդը խոսել է Անկարայի պատրաստակամության մասին՝ շարունակելու միջնորդական ջանքերը և նպաստելու ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Էրդողանի ու Պուտինի վերջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում: Այդ ժամանակվանից ի վեր նախագահները հեռախոսազրույց են ունեցել երկու անգամ՝ հոկտեմբերի 7-ին և նոյեմբերի 24-ին:

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a Comment