Մարշալ Պետենը փառապանծ զինվորական էր, բայց ֆրանսիացին նրան վատ բառերով է հիշում նացիստ զավթիչի հետ համագործակցելու համար։ Զավթիչին արված զիջումներն ամեն դեպքում ամոթալի են, գցում են ղեկավարի վարկանիշը։
Դեկտեմբերի 11-ին Գերմանիայում հայ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահին ուղղված առաջարկ է արել. «Ադրբեջանը մի կողմից ասում է՝ «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է՝ «վայ, գրած է Ղարաբաղի հայեր»։ Ես 2025-ի օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Եվ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ ասում են՝ պիտի վերադառնանք և այլն, ես ասել եմ՝ դա իրատեսական չէ»։
Փաշինյանի այս նախաձեռնությունն առաջին հերթին հակասում է խաղաղության օրակարգին։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև իրապես խաղաղություն է հաստատված, ապա ի՞նչ մտավախություն կա վերադարձի հետ կապված։ Այս նախաձեռնությունը ակնարկ է պարունակում, որ իրականում խաղաղություն հաստատված չէ, պատերազմի վերսկսման ռիսկը մեծ է։ Այսինքն՝ կա մտավախություն, որ եթե արցախցիները վերադառնան Արցախ, ապա պատերազմը կվերսկսվի։ Ադրբեջանցիները ևս ունեն մտավախություններ։ Բայց ոչ թե հանում են թեման օրակարգից, այլ պահանջում են, որ ՀՀ իշխանությունները, միջազգային կառույցները երաշխավորեն, որ Հայաստան վերադարձող ադրբեջանցիների իրավունքները չեն ոտանահարվի։
Փաշինյանի նախաձեռնությունը հակասում է նաև մարդասիրության նորմին։ Արցախից հայ ժողովուրդը բռնի տեղահանվել է պատերազմի, ցեղասպանության սպառնալիքի ներքո։ Արցախցին ներգաղթել է Հայաստան, քանի որ Ադրբեջանը զավթել էր Արցախը և սպառնում էր բնաջնջել հայերին։ Արցախցիների նկատմամբ կատարվածը հանցագործություն է մարդկության դեմ։ Արցախ հայերի վերադարձի հարցը բարձրացվել է միջազգային տարբեր կառույցներում, քանի որ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ մարդկության դեմ կատարված հանցագործությանը։ Փաշինյանը դե՞մ է, որ մարդկության դեմ հանցագործությունը համարժեք միջազգային արձագանք ստանա։
Փաշինյանի առաջարկը հակասում է նաև Բաքվի օրակարգին։ Ադրբեջանը 30 տարի շարունակ ընդգծել է փախստականների վերադարձի թեման։ Եվ հիմա էլ Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է տանում այդ թեման, արդեն մի քանի հարյուր հազար մարդ է հավաքագրել, որոնք պատրաստվում են վերադառնալ Հայաստան։ Պետական մակարդակով ֆինանսավորվում է, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի շրջանառումը և այլն։ Այսինքն՝ անկախ այն բանից, թե Հայաստանը կբարձրացնի արցախցիների վերադարձի հարցը, թե ոչ, Բաքուն բարձրացրել է և, հավանաբար, շարունակելու առաջ մղել այդ հարցը ազգային և միջազգային բոլոր գործիքներով։ Այս առումով՝ Փաշինյանի նախաձեռնությունը զիջում է, նահանջ։
Այս նախաձեռնությունը հակասում է նաև Փաշինյանի ավելի վաղ արտահայտած դիրքորոշմանը։ Նախկինում նա մի շարք առիթներով հայտարարել է, թե արցախցիների կողմից ընտրված չէ, լիազորված չէ նրանց անունից խոսելու, արցախցիներն իրենք պետք է որոշեն իրենց առնչվող խնդիրները։ Իսկ այս պարագայում նա արցախցիների փոխարեն որոշում է, որ նրանք հրաժարվեն Արցախ վերադառնալու բնական, անկապտելի իրավունքից։ Այսինքն՝ երբ պետք էր բանակցել ու կանխել պատերազմը, նա արցախցիների վրա էր գցում։ Իսկ հիմա, երբ պետք է պաշտպանել արցախցիների Արցախ վերադարձի իրավունքը, նա ինքնակամ, առանց արցախցիներին հարցնելու՝ առաջարկում է թեման փակել։
Պարզ ասած՝ Փաշինյանի այս ամոթալի առաջարկությունը, հավանաբար, թելադրված է չբարեկամների կողմից, ինչպես Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։ Այսպիսով՝ հավելյալ ընդգծվում է, որ հայ ժողովուրդը ոչ միայն պարտվել է, այլև հրաժարվում է իր իրավունքներից։ Եվ Փաշինյանն առաջարկում է ստորագրել ճանապարհային քարտեզ, որի առաջին քայլով ՀՀ-ն պարտավորվում է հրաժարվել Արցախ հայերի վերադարձի մասին խոսելուց։ Երկրորդ քայլով էլ, հավանաբար, կպատժեն այդ մասին խոսող հայերին, ինչպես խորհրդային բռնազավթման տարիներին Երվանդ Քոչարին 2 տարի նստեցրին Սասունցի Դավթի սուրը եղբայական Թուրքիայի դեմ ուղղելու մեղադրանքով։
Թաթուլ Մկրտչյան