12 դեկտեմբերի 2025 – 15:09 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին, վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպության ժողով կգումարի։ Այդ մասին ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ։
Ժողովը գումարվելու է ի կատարումն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի։
Օրենքի համաձայն՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի կազմում վարորդների շահերը ներկայացնող ՀԿ-ները՝ որոնք պետական գրանցում ունեն առնվազն երեք տարի, իրավունք ունեն ընտրել մեկ անդամ՝ երկամյա ժամկետով, իրենց միջև ձեռք բերված փոխհամաձայնությամբ։
Հայտարարվել է, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են վերոնշյալ չափորոշիչներին և ցանկանում են մասնակցել ժողովին, պարտավոր են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 19-ը Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր հայտ՝ կցելով պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները։
«Այն կազմակերպությունները, որոնք հիշյալ ժողովում ընտրվելու համար մտադիր են ներկայացնել Բյուրոյի խորհրդի անդամի թեկնածու, հայտին պետք է կցեն նաև այդ թեկնածուի անունը և ազգանունը, տեղեկություններ նրա կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ, փոխկապակցվածությունը Բյուրոյի անդամների հետ (բացակայության դեպքում` նշում փոխկապակցվածության բացակայության մասին), նրան առաջադրող կազմակերպության անվանումը և վերջինի հավաստումն առ այն, որ ներկայացված թեկնածուն իր մասնագիտական կարողություններով ի վիճակի է ապահովել Օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված խորհրդի լիազորությունների պատշաճ իրականացումը և առկա չեն Բյուրոյի կանոնադրության 123-րդ կետով սահմանված սահմանափակումները»,- նշված է հայտարարության մեջ:
Հարցերի դեպքում շահագրգիռ կազմակերպությունները կարող են զանգահարել (010) 59-25-92 հեռախոսահամարով։