Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու


Լեհական «Լեգիա» ֆուտբոլային ակումբի 17 երկրպագու է ձերբակալվել Երևանի կենտրոնում հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։ 

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել ենն ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ 

Նշենք՝ տեղեկությունների համաձայն՝ լեհ երկրպագուները Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի տարածքում, խուլիգանական վարք են դրսևորել, որի վերաբերյալ ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանությունում։  

«Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- ասվում է ՆԳՆ-ի տրամադրած պարզաբանման մեջ։ 

Հիշեցնենք՝ «Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի լեհ երկրպագուներ:

Հիշեցնենք նաև՝ դեկտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի «Նոա»-«Լեգիա»-ի խաղը։

Երևանի «Նոա»-ն այդ խաղում հաղթանակի հասել է 2-1 հաշվով՝ ապահովելով իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

154 դիտում

Leave a Comment