Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները անհրաժեշտ հետազոտություն ու բուժզննում էին իրականացնում, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել Երևանում գործող «Կովկաս» պանդոկից:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ 36-ամյա Լուկաս Կ.-ն է, 44-ամյա Լուկաս Բ.-ն և 44-ամյա Մաչի Ա.-ն, ովքեր ծեծի են ենթարկվել:
Կայքի տեղեկություններով՝ տուժածները ժամանել էին Հայաստան՝ որպես ֆուտբոլի երկրպագուներ: