12 դեկտեմբերի 2025 – 14:16 AMT
PanARMENIAN.Net – Բալթյան երկրների թեմը ղեկավարող Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը կարծիք է հայտնել, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Բարեգին Բ–ի նկատմամբ քրեական հետապնդում չի լինի, սակայն կհեռանա գահից։ Միրզախանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմած, ապա վեհափառին սրբապղծության հովանավոր համարած միաբաններից է, գրում է «Ազատությունը»։
«Միակ ուղին այս ամբողջի լուծման վեհափառ հայրապետի հանդիպումն է ՀՀ վարչապետի հետ՝ քննարկելու վեհափառ տիրոջ հանգստի կոչվելու պայմանները, տարբեր հարցեր», – ասել է Վազգեն սրբազանը։
Վարչապետն ինքն է եպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ ասել, որ պատրաստ է հանդիպել: Այս պահին ոչ մի նշան չկա, որ վեհափառն ու վարչապետը կնստեն նույն սեղանի շուրջ: Նախորդ շաբաթվա վերջին կաթողիկոսը հայտարարել էր՝ շարունակելու է առաքելությունը նույն նվիրումով:
«Այդ հանգստի կոչվելու մեջ ինչո՞ւ են վատ բան տեսնում», – հարցնում է Վազգեն սրբազանը:
Նա Լուսավորչի, Օծնեցու՝ գահից հեռացած կաթողիկոսների օրինակներն է վկայակոչում: Նրա տպավորությամբ՝ արդեն ուշ է, որ վարչապետն ու կաթողիկոսը հավաքվեն այլ հարց քննարկելու, քան գահը թողնելն է: Ըստ արքեպիսկոպոսի՝ այդպիսի հնարավորություն կար ամռանը:
Նա չի կասկածում՝ որոշ ուժերի ազդեցության տակ է փոխվում վեհափառի տրամադրությունը, և այդ ուժերը, ըստ նրա, այսօր էլ խանգարում են՝ հայաստանյան ընդդիմությունն ու Ռուսաստանն են: Որ վեհափառը, նրա թեմի առաջնորդ եղբայրը այլ երկրների շահերն են առաջ մղում՝ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, սակայն մինչ այժմ ոչ մի փաստ չի հրապարակվել, քրեական որևէ գործընթացի մասին հայտնի չէ:
Այն հարցին, թե փաստեր ներկայացվե՞լ են, Բալթյան երկրների թեմի առաջնորդը պատասխանել է. «Կարելի՞ է այստեղ ես լռեմ…ես կարող եմ ասել, որ այո: Եղբոր հետ կապված»:
Վազգեն սրբազանը չի կասկածում, որ Կաթողիկոսն էլ է այլ երկրի շահեր սպասարկում, բայց ապացույցներ էլ չի ներկայացնում, նրա համար օրինակ է Արցախի թեման։
«Գործող կառավարությունը ունի միանշանակ իր պատասխանատվությունը, դա անբեկանելի է, բայց մենք չբարձրացնե՞նք նաև հարցեր՝ խաղաղապահների ներկայությամբ ի՞նչ եղավ, ինչո՞ւ կորցրինք վերջնական, ամեն ինչը կառավարության վրա գցելով կլինի՞»,–ասել է նա։
Գարեգին Երկրորդի կողմից եպիսկոպոս օծված և նրա կոնդակով արքեպիսկոպոսի կոչում ստացած Վազգեն սրբազանն այս պայմաններում հարց է բարձրացնում՝ ո՞րն է ճշմարտությունը։ Նա անդրադարձել է նաև իրավապահների գործողություններին՝ նշելով, որ եթե ԱԱԾ-ն փորձում է համոզել քահանաներին պատարագի ընթացքում շրջանցել կաթողիկոսի անունը, կամ աջակցում է կարգալույծ քահանային Հովհանավանքում և հսկում է Յոթ Վերքի եկեղեցու մուտքերը, ապա այդ ուժերը թշնամի չեն։
«Ոչ մի հոգևորականի իրավունք չունի ոչ ոք ճնշումներ գործադրել, բայց կա այստեղ մի ուրիշ բան՝ սա մեր երկիրն է, մեր հոգևոր սպասավորների, բազմաթիվ մարդկանց մեջ դրել են, որ թշնամի են իրենք: Մեր իշխանությունը, որ մեր 700 հազար ժողովուրն ընտրել է, այդ մարդկանց նկատմամբ թշնամական վերաբերմունք են ձևավորել և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս», – ասել է նա։
Վեհափառի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներից մեկը լինելով՝ սրբազան Միրզախանյանը 20 օր առաջ ասել էր, որ իրենք շարունակում են համագործակցել կաթողիկոսի հետ և քննարկում են բոլոր հարցերը։ Արձագանքելով այն հարցին, թե ինչն է փոխվել՝ Միրզախանյանն ասել է, որ իրենք ստիպված են եղել գնալ այդ քայլին։
«Մենք ստիպված ենք եղել այս քայլը կատարելու, մենք վեհափառի կողքին միշտ ենք եղել, մեր Էջմիածնի կողքին կանք և կանոնականության մեջ ենք: Մենք այսօր էլ ենք իր կողքին, մենք իր գործերի կողքին չենք»,–ասել է նա։
Մայր Աթոռը 56 եպիսկոպոս ունի, Վազգեն սրբազանը վստահ է՝ նրանցից շատերն են վեհափառի հեռացման կողմնակից, ուղղակի դեռ լուռ են: Հույս ունի՝ ի վերջո վեհափառը եպիսկոպոսական ժողով կհրավիրի, այնտեղ կստիպեն նրան հեռանալ:
Իսկ եթե չհեռանա, բացատրում է արքեպիսկոպոսը, ո՞ւմ հետ կաշխատի: Դիտարկմանը՝ գուցե նոր եպիսկոպոսներ կօծվեն, նրանք օծումից գոնե անմիջապես հետո չեն պահանջի վեհափառի հեռացումը, ասել է՝ չի լինի: Վազգեն սրբազանն ասել է, որովհետև թեմերի առաջնորդները իրենց թեմերին տիրապետում են, բաժանումներ չկան: Վարչապետի ճանապարհային քարտեզը ու Վազգեն սրբազանինը նույնն է՝ կգնա վեհափառը, հետո տեղապահ կընտրվի՝ Եպիսկոպոսաց դասից մի ավագ միաբան կլինի տեղապահը, եթե Վեհափառը գնա:
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։