Բացառությամբ նախագահ Զելենսկու, նրա մարդկանց դուր է գալիս համաձայնագրի նախագիծը. Թրամփ

Քաղաքականություն

12.12.2025 | 13:58

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելուն ուղղված անվտանգության համաձայնագրի շրջանակներում, միաժամանակ հիասթափություն է հայտնել բանակցությունների տեմպից, հաղորդում է Bloomberg-ը։

«Ես կարծում էի, որ մենք շատ մոտ ենք Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքմանը։ Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքմանը։ Իրականում, բացառությամբ նախագահ Զելենսկու, նրա մարդկանց դուր է գալիս համաձայնագրի նախագիծը», – ասել է ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Նրա մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարեց, որ նախագահը «չափազանց հիասթափված է այս պատերազմի երկու կողմերից էլ» և «հոգնել է հանդիպումներից՝ միայն հանդիպումների համար»։

«Նրան այլևս խոսակցություններ պետք չեն։ Նրան գործողություններ են պետք», – հինգշաբթի ասել էր քարտուղարը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ԱՄՆ-ին ներկայացրել էր խաղաղության ծրագրի նոր տարբերակը, որը վերջնական տեսքի էր բերվել եվրոպական գործընկերների հետ քննարկումներից հետո։

Զելենսկին նշել էր, որ 20 կետից բաղկացած ծրագիրը պատերազմը դադարեցնելու «հիմնարար փաստաթուղթ» է։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a Comment