«Եվրատեսիլ 2024»-ի հաղթող Նեմոն վերադարձնում է իր մրցանակը՝ միանալով մի շարք երկրների բոյկոտին


Երաժիշտ Նեմո Մետլերը, որը ներկայացրել էր Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ում և հաղթել մրցույթում, հայտարարել է, որ իր մրցանակը կվերադարձնի կազմակերպիչներին Ժնևում գտնվող Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր գրասենյակում։

Ինստագրամում հրապարակված հայտարարության մեջ երաժիշտը նշել է, որ «Եվրատեսիլը» իր համար կարևոր էր, քանի որ այն արտահայտում էր «միասնության, ներառականության և բոլորի արժանապատվության» նկատմամբ նվիրվածություն։

«Այնուամենայնիվ, Իսրայելի շարունակական ներգրավվածությունը ՄԱԿ-ի Անկախ Միջազգային Հետաքննչական Հանձնաժողովի կողմից որպես ցեղասպանություն ճանաչված իրադարձություններին ցույց է տալիս այս իդեալների և Եվրոպական հեռարձակողների միության կողմից կայացված որոշումների միջև հստակ հակասություն»,- նշել է երաժիշտը։

Նրա խոսքով՝ «խոսքը անհատների կամ արտիստների մասին չէ», այլ այն փաստի մասին, որ մրցույթը «բազմիցս օգտագործվել է լուրջ խախտումների մեջ մեղադրվող պետության կերպարը «մեղմացնելու» համար», մինչդեռ հեռարձակող միությունը «պնդել է, որ Եվրատեսիլը քաղաքական չէ»։

«Չնայած ես անչափ շնորհակալ եմ այս մրցույթը շրջապատող համայնքին և այն ամենին, ինչ այս փորձը սովորեցրել է ինձ որպես անձնավորության և արտիստի, այսօր ես այլևս չեմ զգում, որ այս գավաթը պետք է լինի իմ դարակում»,- ասել է երաժիշտը հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ «երբ ամբողջ երկրներ դուրս են գալիս մրցույթից, պետք է պարզ լինի, որ ինչ-որ բան խորապես սխալ է»։

«Եթե բեմում մեր կողմից տոնվող արժեքները չեն պահպանվում բեմից դուրս, նույնիսկ ամենագեղեցիկ երգերը կորցնում են իրենց իմաստը»,- ասել է Նեմոն։

«Եվրատեսիլի» տնօրեն Մարտին Գրինը հայտարարել է, որ կազմակերպիչները «տխուր» են որոշումից և հարգում են Նեմոյի տեսակետները։

Դեկտեմբերի 4-ին Ժնևում տեղի ունեցավ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գլխավոր ասամբլեան, որտեղ մի քանի երկրներ կոչ արեցին Իսրայելին բացառել 2026 թվականին մասնակցելուց։ Այնուամենայնիվ, EBU-ն որոշեց քվեարկություն չանցկացնել այս հարցի շուրջ. Իսրայելը, ի վերջո, կմասնակցի։

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Եվրոպական հեռարձակողների միության (EBU) որոշումը անվանել է «համերաշխության, եղբայրության և համագործակցության արժեքավոր ժեստ, որը խորհրդանշում է Իսրայելը լռեցնել ցանկացողների նկատմամբ հաղթանակը»։

EBU-ի որոշումից հետո Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան, Սլովենիան և Իսլանդիան հայտարարեցին, որ բոյկոտելու են «Եվրատեսիլ 2026»-ը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

198 դիտում

Leave a Comment