12 դեկտեմբերի 2025 – 13:40 AMT
PanARMENIAN.Net – Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ հոկտեմբերին Հովհաննավանքում իշխանությունների կողմից կազմակերպված «պատարագի» ընթացքում արձանագրված իրավախախտումների առնչությամբ իրավապահներին ներկայացված բողոքները մերժվել են, իսկ բողոքարկումներն առայժմ անպատասխան են մնացել, հայտնում է Sputnik Արմենիան։
«Հովհաննավանքի մասով մենք հաղորդում էինք ներկայացրել գլխավոր դատախազին, խնդրել էինք բարձրացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության հարցը։ Հիմքերը հետևյալն էին մենք գտնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն Հովհաննավանքում խոչընդոտվել է կրոնական ծեսի կատարումը, ընդ որում իշխանական կամ ծառայական լիազորություններով պայմանավորված, ինչը ավելի որակյալ է դարձնում հանցագործությունը։
Մենք կարծում ենք, որ վարչապետի, ոստիկանության, քննչական մարմնի ծառայողների, ինչպես նաև Ստեփան Ասատրյանի և այլ քաղաքական անձանց գործողություններով խոչընդոտվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը։ Մենք նաև համարել ենք, որ այստեղ կա նաև ծառայական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանցակազմ, և այդ հարցը նույնպես բարձրացրել ենք։ Բայց քննչական մարմինը քրեական վարույթ չնախաձեռնեց։ Մենք բողոքարկել ենք դատախազին, այնուհետև` դատարան։ Բողոքը մինչև հիմա էլ այս պահին դեռ դատարանում է, պատասխան չունենք»,– ասել է փաստաբանը։
Արա Զոհրաբյանն ընդգծել է, որ բացի դատախազությունից ու Քննչական կոմիտեից, Հովհաննավանքի միջադեպի առնչությամբ դիմել են նաև ոստիկանություն՝ հաշվի առնելով, որ վանքը հանդիսանում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու սեփականությունը։ Իսկ կառավարության սահմանած կարգով՝ եթե սեփական տարածք ներխուժում է տեղի ունեցել կամ այն օգտագործվել է սեփականատիրոջ կամքին հակառակ, ապա սեփականատերը պետք է դիմի ոստիկանություն։
«Հիմա մենք պաշտոնապես դիմել ենք, այդ բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք դեռևս հոկտեմբերին, ոստիկանությունը ոչ Էլ որևէ քայլ արել է։ Նույնիսկ բողոք ենք ներկայացրել, վիճարկել ենք իրենց անգործությունը վերադասության կարգով։ Մի քանի օր առաջ ոստիկանության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել վարչական վարույթի նիստ, մեր ներկայացուցիչը մասնակցել է, բայց դեռ որոշումը չունենք։ Այսինքն` արդեն 2 ամիս է անցել համարյա, բայց մենք որևէ առաջընթաց այդ հարցով չունենք»,– նշում է Զոհրաբյանը։
Իրավաբանների մեկ այլ հաղորդում ներկայացվել է դեռևս հուլիս ամսին, որը վերաբերում էր Սահմանադրությամբ եկեղեցուն վերապահված իրավունքների խախտման փաստին։ Ըստ Սահմանադրության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և եկեղեցու փոխհարաբերությունների մասին» ու «Կրոնական կազմակերպությունների մասին» օրենքների, եկեղեցին պետական կառույցներից անկախ է, և իշխանությունները իրավասու չեն միջամտելու դրա ներքին գործերին։
«Մինչդեռ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է կաթողիկոսին փոխելու օրակարգ։ Եվ, բնականաբար, ճնշում է գործադրում եկեղեցու նկատմամբ։ Եվ մենք այս փաստով դիմել ենք դատախազություն քրեական վարույթն նախաձեռնելու համար։ Վարույթը չի նախաձեռնվել, իսկ բողոքարկման վերաբերյալ դատարանի որոշումը դեռևս չենք ստացել»,– հայտնել է Արա Զոհրաբյանը։
Փաստաբանը մատնանշել է, որ իրավապահ կառույցների անգործության արդյունքում եկեղեցու նկատմամբ ճնշումներն ավելացել են։ Նրա խոսքով՝ պատարագի ծիսակարգի փոփոխությունը ևս համարվում է եկեղեցու ներքին գործերին միջամտություն։ Եթե դա իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության միջամտությամբ, ապա դա արդեն քրեական բնույթի արարք է։
«Այս ամենը ծայրից ծայր անօրինականություն է, բայց ներպետական տիրույթում, այսպես ասեմ, շանսերը որևէ բանի հասնելու, շատ փոքր են։ Ինչպես արդեն ասացի մենք հաղորդումներ ենք ներկայացրել տարբեր առիթներով, որոնք մերժվում են, բայց մենք շարունակում ենք բողոքարկումներով գնալ առաջ, վերադասության բողոքներ ենք ներկայացնում, արձանագրում ենք բոլոր մեղավորներին։ Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է։ Իսկ այս պահին մեր քայլերը որպես իրավաբան կատարում ենք հոգևորականների հետ կապված, նրանց նկատմամբ ճնշումներ կան, հարցաքննությունների են կանչում, տարբեր բաներ են անում, փորձում ենք նրանց շահերը պաշտպանել»,– վստահեցնում է Զոհրաբյանը։
Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնից ազատելու մասին հայտարարություն և դրան հաջորդող, իր ձևակերպմամբ, եկեղեցու «նորոգման» ճանապարհային քարտեզ։ Մինչ այդ վարչապետը ևս երկու գրառում է արել՝ եկեղեցական ծիսակարգի փոփոխության առաջարկներով։
Հոկտեմբերի 26-ին կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ), «պատարագ» է մատուցել։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս ընդգծել է, որ եկեղեցական արարողություն իրականացնելու իրավասություն ունի միայն օծված հոգևորականը, սակայն Ստեփան Ասատրյանը շարունակել է իր նախաձեռնությունը։ «Պատարագին» ներկա են գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի շարք նախարարներ, մարզպետներ և ՔՊ կուսակցության հարյուրավոր համակիրներ։