Ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներն առցանց քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը։ Այս մասին նշել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X միկրոբլոգի գրառման մեջ։
Զելենսկիի գրառման համաձայն՝ Միացյալ Նահանգները բանակցություններին ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, և ամերիկացի գեներալներ։ Երկխոսությանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն։
«Մենք մեծապես գնահատում ենք ամերիկյան կողմի ակտիվ ներգրավվածությունը բոլոր մակարդակներում՝ ոչ միայն պատերազմը դադարեցնելու, այլև Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու և ռուսական նոր ներխուժումը կանխելու գործում: Սա արտացոլում է Ամերիկայի մտադրությունների լրջությունը և արդյունքների հասնելու նրա հստակ կենտրոնացումը»,- նշել է Զելենսկին գրառման մեջ։
Նա ընդգծել է, որ անվտանգության երաշխիքները բոլոր ապագա քայլերի ամենակարևոր գործոններից մեկն են՝ ավելացնելով, որ Ուկրաինան արդեն իսկ բացասական փորձ է ունեցել Բուդապեշտի հուշագրի հետ կապված, և բոլորը հիշում են, որ Ռուսաստանը խախտել է իր պարտավորությունները։
Նրա խոսքով՝ համաձայնեցվել է, որ թիմերն ակտիվորեն կաշխատեն՝ ապահովելու, որ մոտ ապագայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ հստակ պատկերացում լինի։
Դեկտեմբերի 11-ին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներից ստացել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթի նախագիծ։