
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի։ Ինչպես հայտնում են ղազախական լրատվամիջոցները՝ Ղազախստանի նախագահն այս հայտարարությունն արել է Աշխաբադում կայացած «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումում» ելույթի ժամանակ։
«Մեր կարծիքով՝ պատմական նշանակություն ունի Ադրբեջանի և Հայաստանի կողմից Խաղաղության համատեղ հայտարարության ստորագրումը, ինչը մեծ հեռանկարներ է բացում տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս բազմակողմ համագործակցության համար։ Հուսով ենք, որ շուտով կկնքվի լիարժեք խաղաղության պայմանագիր, որը կերաշխավորի կայունություն Հարավային Կովկասում»,- նշել է նա։