ՀՀ–ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ծրագրի առաջին գնահատում – Նորություններ 12.12.2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագրի (VLAP) գնահատման առաջին առաքելությանը։

Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է գործողությունների ծրագրի` Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող՝ առաջին փուլի հենանիշների ուղղությամբ կատարված աշխատանքները, ներառյալ գործողությունների ծրագրի իրականացման՝ նախարարության իրավասությանն առնչվող ենթագործողությունների աղյուսակն ու դրանց իրականացման ժամանակացույցը։

Աննա Կարապետյանը մանրամասն անդրադարձել է՝

• հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում ձեռնարկված քայլերին,
• իրավական փոխօգնության ու դատական համագարծակցության մեխանիզմների կատարելագործմանը,
• անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին,
• դատաիրավական բարեփոխումներին,
• քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման պայմանների բարելավմանն ուղղված քայլերին,
• խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող քաղաքականությանը։

Առաքելության անդամները բարձր են գնահատել գործողությունների ծրագրի ստացումից հետո այսքան կարճ ժամանակահատվածում ձեռնարկված աշխատանքները՝ ընդգծելով Հայաստանի հետ ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունն ու հայկական կողմի պատրաստակամությունը:

Գնահատման արդյունքներով գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի զեկույցը կներկայացվի 2026 թվականի առաջին կեսին:

 

Leave a Comment