Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Մարեկ Պալուսին։ Հայկական պատվիրակության անդամները շրջել են կոմիտեի մարզական թանգարանում, ծանոթացել լեհական սպորտի պատմությանը, նվաճումներին և գրանցած արդյունքներին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Լեհաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողական քայլեր է կատարում համաշխարհային սպորտային քարտեզում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։
Կողմերը քննարկել են սպորտի ֆինանսավորման և կառավարման համակարգերին, ազգային ֆեդերացիաների դերակատարության բարձրացմանը, հաշվետվողականությանը և միջազգային սպորտային կառույցների հետ կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։