Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է հրադադար հաստատել Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամանակ, ինչի համար պայքարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ուկրաինայի առաջնորդն այս հայտարարությունն արել է առցանց հանդիպման ժամանակ ելույթ ունենալիս։
«Մենք պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի հետ ցանկացած ձևաչափով։ Եվ եթե նախագահ Թրամփը ավելի շատ խոսի Ուկրաինայում կայանալիք ընտրությունների մասին, ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք փորձել անցկացնել ընտրություններ։ Ուկրաինան չի թաքնվում ժողովրդավարությունից», – ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշեց, որ ընտրությունները հնարավոր կլինեն, եթե անվտանգությունն ապահովվի, և Ամերիկան կարող է ունենալ դրանում ամենամեծ ներդրումը։
«Եթե անհրաժեշտություն լինի ընտրություններ անցկացնել, ապա անհրաժեշտ է հրադադար, գոնե ընտրական գործընթացի և քվեարկության ողջ ընթացքում։ Եվ սա այն բանն է, որը պետք է քննարկվի։ Եվ անկեղծ ասած, այստեղ՝ Ուկրաինայում, մենք կարծում ենք, որ Ամերիկան պետք է սա քննարկի ռուսական կողմի հետ», – ասել է Զելենսկին։