ՀՀ–ն հույսը դնում է գործընկերների աջակցության վրա. Խաչատուրյանը` «Թրամփի ուղու» մասին




 

Sputnik․ Վահագն Խաչատուրյանի խոսքով` խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ. այն հետևողական աշխատանք է պահանջում։


 


Հայաստանի կառավարությունը հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ամրապնդմանը։ Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային տարի 2025» համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։


 


Նա համոզմունք հայտնեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա բաղադրիչի՝ «Թրամփի ուղու» իրականացումը կնպաստի տնտեսական աճին, երկխոսությանը և մարդկանց միջև շփումներին։


 


«Մենք բացում ենք կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման նոր էջ Հարավային Կովկասում։ Հայաստանն այս հարցում հույսը դնում է իր միջազգային գործընկերների աջակցության վրա»,–ասաց նա։


 


Խաչատուրյանը նշեց, որ խաղաղությունը միայն պատերազմի բացակայություն չէ, այլ այն հետևողական աշխատանք է պահանջում, որը պետք է նաև պետությունների և ժողովուրդների մեջ վստահության մթնոլորտ ձևավորի։


 


Նշենք, որ համաժողովին մասնակցում են նաև ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Տաջիկստանի ղեկավարները։


 


Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:


 


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։


 


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։


 


 


Leave a Comment