«Ռուսաստանի հաջորդ թիրախը մենք ենք». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայի դեմ պատերազմով։ «Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք», – հայտարարել է նա հինգշաբթի Բեռլինում ունեցած ելույթի ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի առաջադրանքն է այժմ պատերազմը կանխելը, նախքան դրա սկսվելը։ «Դրա համար մենք պետք է լիովին գիտակցենք սպառնալիքը», – ընդգծել է նա՝ հավելելով, որ վտանգն արդեն իսկ գոյություն ունի։

Ռյուտեն կրկին կոչ  է արել ավելացնել պաշտպանական ծախսերը և ավելի ուժեղ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

«Մեր զինված ուժերը պետք է ունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է մեզ պաշտպանելու համար։ Եվ Ուկրաինան պետք է ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր պաշտպանության համար՝ հիմա», – ասել է նա՝ հավելելով, որ չափազանց շատ դաշնակիցներ չունեն հրատապության զգացում և կարծում են, որ ժամանակն իրենց օգտին է։ «Բայց դա այդպես չէ», – ընդգծել է Ռյուտեն։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա առաջիկա հինգ տարիների ընթացքում։

«Ռուսաստանն արդեն իսկ ակտիվացնում է իր գաղտնի արշավը մեր հասարակությունների դեմ։ Մենք պետք է պատրաստ լինենք այն պատերազմի մասշտաբին, որը կրել են մեր տատիկներն ու պապիկները կամ նախապապերը»- ասել է Մարկ Ռյուտեն։։

Նա կրկնել է արևմտյան հետախուզական գործակալությունների կողմից Ռուսաստանի մտադրությունների մասին արված նմանատիպ հայտարարությունները, որոնք Մոսկվան որակում է որպես հիստերիա։

Մեկնաբանելով Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ջանքերը՝ Ռյուտեն նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը միակն է, ով կարող է Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնել։ Հետևաբար, այժմ անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք Պուտինը իսկապես ցանկանում է խաղաղություն, թե՞ նախընտրում է շարունակել կոտորածը։ Դրա համար, ընդգծել է Ռյուտեն, անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի վրա ճնշումը։

Նա  միաժամանակ զգուշացրել է այն սցենարի մասին, որի դեպքում Ռուսաստանը կհասնի իր նպատակին, իսկ Ուկրաինան կհայտնվի ռուսական օկուպացիայի տակ։ Այդ դեպքում ռուսական զորքերը կանգնած կլինեն  ՆԱՏՕ-ի հետ ավելի երկար սահմանի երկայնքով, և զինված հարձակման ռիսկը կդառնա ավելի բարձր։ Ռյուտեի խոսքով՝  այդ դեպքում   զսպման և պաշտպանության ոլորտում կպահանջվեն հսկայական փոփոխություններ, ինչպես նաև ավելի մեծ պաշտպանության ծախսեր։

«Սա կնշանակի արտակարգ բյուջեներ, պետական ​​ծախսերի կրճատումներ, տնտեսական ցնցումներ», – ասել է նա։ Հետևաբար, Ռյուտեն ընդգծել է, որ  չպետք է մոռանալ՝ «Ուկրաինայի անվտանգությունը նաև մեր սեփական անվտանգությունն է»։

Leave a Comment