ԶԼՄ-ն հայտնել է Սոթքի հանքում հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքներ իրականացնելու մասին

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքում հայկական և ադրբեջանական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ դրանք տեղազննման աշխատանքներ էին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից:

Գրասենյակից հերքել են, որ ադրբեջանցի և հայ զինվորականները քարտեզով հանքի տարածքում են մի քանի օր, նշել է թերթը։

Լրատվականի հարցին, թե սահմանազատում իրականացնելու համար անհրաժեշտ է հանրաքվե, սակայն այն չի անցկացվել, գրասենյակից պատասխանել են, որ սահմանազատման հետ կապված աշխատանքները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և ԱԺ-ի կողմից վավերացված՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի» ու «Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգով»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը կայացել էր նոյեմբերի 28-ին ադրբեջանական Գաբալա քաղաքում: Քննարկվել էին կազմակերպչական և տեխնիկական հարցեր:

Մինչ այժմ, պաշտոնական տվյալներով, սահմանազատվել է 12 կիլոմետր:

 

Leave a Comment