Իշխանությունը՝ պաշտոնական մակարդակից մինչև հակահիգիենիկ քարոզչադեմքեր, շրջանառության մեջ է դրել «ազդեցության գործակալ» արտահայտությունը, որով պիտակավորվում է ցանկացած ընդդիմախոս։ Կացնային մակարդակի այդ քարոզչությունն «ազդեցության գործակալ» պիտակը միշտ մատուցվում է այն համատեքստում, որ դրանք Ռուսաստանի ազդեցության գործակալներն են։
Խնդիրն այն չէ, որ Հայաստանում Ռուսաստանի վկայագրված կամ ազդեցության գործակալներ չկան։ Դրանք եղել են միշտ և լինելու են ապագայում։ Բայց իշխանության քարոզչությունը ներկայացնում է այնպես, կարծես մնացած բոլոր պետությունները Հայաստանի հետ հարաբերվում են միայն պաշտոնական արարողակարգով, իրենք իրենց գործակալները և իրենց կողմից ֆինանսավորվող քարոզչական լրատվամիջոցները, վերլուծաբանները չունեն, իսկ ահա Ռուսաստանը երկիրը լցրել է ազդեցության գործակալներով…
Նման խոսույթի նպատակն այլ, ամենատարբեր երկրների ու կենտրոնների՝ Հայաստանում ուղղակի վխտացող ազդեցության ու փոխազդեցության գործակալներից ուշադրությունը շեղելն է։
Այսօր Հայաստանում՝ իշխանությունից մինչև «քաղաքացիական հասարակություն կոչվող» ցանցեր, հասարակական տարբեր կազմակերպություններ՝ գործում են անհաշվելիորեն շատ ազդեցության գործակալներ, որոնք, որպես կանոն, հանդես գալով «ինքնիշխանության դիրքերից», կեղծ «արևմտամետության» դիրքերից՝ իրականում տարածում են հատկապես Ադրբեջանին ու Թուրքիային ձեռնտու նարատիվներ՝ դրանք լղոզելով «արևմտամետության, մարդու իրավունքների, ժողովրդավարության» ծեծված կաղապարներով։
Բազմատեսակ ու բազմաղբյուր այդ ազդեցության գործակալներն ապրում են կատարյալ երանության մեջ՝ նույնիսկ չմտահոգվելով «ազդեցության գործակալի» մեղադրանքի արժանանալու վտանգից, քանի որ տեսնում ու լսում են, որ երկրի ղեկավարն ամբողջությամբ համապատասխանում է «ազդեցության գործակալի» սահմանմանը։
Արդեն մի քանի տարի ու հատկապես վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ու Հայաստանից դուրս զբաղված է ադրբեջանական ու թուրքական նարատիվների տարածմամբ։ Դա հասել է այն աստիճանի, որ Հայաստանի իշխանության գործողությունները գրեթե սինքրոնացվում են Ադրբեջանից հնչող հայտարարությունների հետ։
Փաշազադեն խոսում է Հայ Առաքելական եկեղեցու «ռևանշիզմի» մասին, Փաշինյանն արշավ է սկսում ՀԱԵ-ի դեմ, Ալիևը Սևանն անվանում է «Գյոկչա», Փաշինյանը սկսում է արդարացնել նրան, Թուրքիայից խոսում են «անցյալը մոռանալու մասին», Հայաստանի սահմանային դրոշմակնիքներից հանվում է Արարատի պատկերը։
Հենց երեկ Նիկոլ Փաշինյանը հասել էր Գերմանիա՝ հարյուրերորդ անգամ երաշխավորելու, որ Հայաստանը փոխելու է Սահմանադրությունը, այն, ինչը պահանջում է Ադրբեջանը։
Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ զբաղված է Ադրբեջանի օրակարգն առաջ մղելով։ Նա անում է ճիշտ նույնը, ինչի համար ինքն ու իր քարոզչությունն այլոց մեղադրում են՝ որպես ազդեցության պատվիրատու նկատի ունենալով Ռուսաստանին։ Տարբերությունն այն է, որ ռուսական ազդեցության գործակալները Հայաստանում լավագույն դեպքում հանդես են գալիս հրապարակային խոսքով, ռուսական քարոզչությունն առաջ մղելով։
Իսկ ադրբեջանականի դեպքում հարցը միայն քարոզչությամբ չի սահմանափակվում, որովհետև ազդեցության գործակալները տիրապետում են նաև իշխանական լծակների և այդ քարոզչական նարատիվների հիման վրա կայացվում են պաշտոնական որոշումներ։ Երբ իշխանությունները որևէ մեկին որակում են «ազդեցության գործակալ», ակնարկում են, թե որակավորվողը ոչ թե հավաքագրված մեկն է, այլ գուցե այլ երկրի օրակարգն առաջ է մղում՝ չգիտակցելով։
Ինչպես որ ապագայում կարող է հայտարարել Հայաստանի այսօրվա ամենաբարձրաստիճան ազդեցության գործակալը։
Հարություն Ավետիսյան