Aurora News | Քաղաքապետարանը պատրաստվում է փոխել Երևանի դրոշի ու զինանշանի գույները. Հովսեփ Կուբաթյան

Քաղաքապետարանը պատրաստվում է փոխել Երևանի դրոշի ու զինանշանի գույները և դարձնել կապույտ։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Հովսեփ Կուբաթյանը։

Նա նշել է, որ հարցը ներառված է Երևանի ավագանու` դեկտեմբերի 23-ի նիստերի օրակարգում։ 

«Երևան քաղաքի զինանշանի և դրոշի գույնի փոփոխությունը արտահայտում է քաղաքի ձգտումը դեպի ժամանակակից և մինիմալիստական ինքնություն՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով ազգային խորհրդանիշներին։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կազմված կարմիր, կապույտ և նարնջագույն հորիզոնական հավասար շերտերից։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ու ստեղծարար կյանքի ձգտումը՝ խաղաղ երկնքի ներքո ապրելու կամքը»,– նշված է հիմնավորման մեջ։

Նշվում է նաև, որ Երևանի ներկայիս և ապագա զարգացումը նպատակ ունի ձևավորել ներդաշնակ, ժամանակակից քաղաքային միջավայր Հայաստանի սրտում։

«Երևանի զինանշանի և դրոշի գունային փոփոխությունները արտահայտում են քաղաքի կերպարի նոր փիլիսոփայությունը՝ անցում դեպի նորարարություն, արդիականացում և կայուն զարգացում»,– ասված է, որոշման նախագծում։

Նշվում է, որ այն միաժամանակ կնպաստի քաղաքի խորհրդանիշների՝ էլեկտրոնային հարթակներում ավելի տեսանելի ներկայացմանը, կդարձնի այն ավելի արդիական և նոր բրենդինգին համահունչ: Գույնի փոփոխությունը, ըստ նախագծի, ունի նաև սիմվոլիկ, գեղարվեստական և բրենդային հիմնավորում։

Leave a Comment