
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին խորհրդակցություն է անցկացրել ռազմական հրամանատարության հետ:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցել է Խարկովի և Դոնեցկի մարզերում ռուսական զորքերի առաջխաղացման մասին։ Մասնավորապես, նա նշել է, որ Դոնբասի Սևերսկ քաղաքն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Գերասիմովը պնդել է, որ Սևերսկի (Դոնբասի հյուսիսարևմտյան մասում գտնվող քաղաք) գրավումը պայմաններ է ստեղծել Սլավյանսկ քաղաքի վրա հետագա հարձակման համար։
Այնուամենայնիվ, Պուտինը նշել է, որ բոլոր ոլորտներում նախաձեռնությունը ռուսական բանակի ձեռքում է, և որ ռուսական զորքերը «շարունակում են կատարել ռազմական առաջադրանքներ և վստահորեն առաջ են շարժվում ամբողջ ճակատով»։
Ավելին, Ռուսաստանի նախագահը հրամայել է իր զորքերին շարունակել մարտական գործողությունները՝ «բոլոր նպատակներին հասնելու համար». «Զորքերի խմբավորումների հրամանատարները պետք է շարունակեն կատարել իրենց առաջադրանքները՝ խստորեն համապատասխանելով հատուկ ռազմական գործողության պլանին (այսպես Ռուսաստանում անվանում են Ուկրաինայի դեմ պատերազմը – խմբ.)»։
Ուկրաինացի զինվորականները արձագանքել են Ռուսաստանի նախագահի հայտարարությանը։ «Արևելք» ուժերի խումբը հայտնել է, որ Սլավյանսկի ուղղությամբ գտնվող Սևերսկ քաղաքը մնում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ, և «հակադիվերսիոն գործողությունները» շարունակվում են։
«Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են վերահսկել Պոկրովսկի հյուսիսային հատվածը։ Քաղաքի կենտրոնական հատվածում ուկրաինացի զինվորները խոչընդոտում են (ռուսների) առաջխաղացումը։ Միրնոգրադում ուկրաինական ստորաբաժանումները պահպանում են պաշտպանական գծերը…», – հայտնել են ուկրաինացի զինվորականները։