
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձով հայտնում է, որ Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը «ևս մեկ քայլ է ուղղված դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և արդյունավետ դատավարությունների կազմակերպմանը»:
Փաթեթով նախատեսվում է, որ վերաքննության կարգով ներկայացված բողոքները վարչական դատարանում պետք է քննվեն գրավոր ընթացակարգով, և միայն պատճառաբանված որոշման պարագայում պետք է տեղի ունենա գործի բանավոր քննություն։
Նախատեսվում է նաև, որ վերաքննության կարգով ներկայացված բողոքները պետք է ունենան քննության հստակ ժամկետ, այն է՝ 6 ամիսը, որը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ 4 ամիս ժամկետով։ «Նախատեսել ենք վարչական մարմինների՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակում՝ մինչև 300,000 ՀՀ դրամ տուգանք պարունակող վարչական ակտերի պարագայում։ Այսինքն, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն այլևս հնարավորություն չեն ունենա ներկայացնել վերաքննիչ բողոք այն դեպքում, երբ իրենց կողմից կայացված վարչական ակտով սահմանված տուգանքի գինը չի գերազանցում 300,000 ՀՀ դրամը»։