Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ, նրա ակտիվ լիարժեք աշխատանքի վերսկսման համար ոչ մի խոչընդոտ չկա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ, որը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները։ Կազմակերպությունում գործընկերների ակտիվ, նորմալ, լիարժեք աշխատանքի վերսկսման համար բացարձակապես ոչ մի խոչընդոտ չկա», – նշել է նա։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, դիվանագետը ընդգծեց, որ Երևանի հայտարարությունները կազմակերպությանը իր մասնակցության որոշակի սառեցման մասին ոչ այլ ինչ են, քան «բանավոր հավասարակշռման գործողություն, քանի որ նման ձևը պարզապես նախատեսված չէ կազմակերպության իրավական շրջանակում»։
«ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ ցանկացած պետություն, որը մտնում է դրա կազմի մեջ, իրավունք ունի սահմանված կարգով դուրս գալ կազմակերպությունից», – հիշեցրել Է Զախարովան: Իսկ պետության կողմից կազմակերպության շրջանակներում իր պարտավորությունները չկատարելու դեպքում, մասնավորապես, ՀԱՊԿ-ի բյուջեին երկու տարվա ընթացքում պարտք լինելու դեպքում, նրա նկատմամբ կարող է կիրառվել այդ պետության քաղաքացիներին ՀԱՊԿ-ի շրջանակներում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցում, ինչպես նաեւ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկում՝ մինչեւ պարտքի ամբողջական մարումը»:
«Փաստորեն, կրկին, սա ՀԱՊԿ-ի գյուտը չէ, նույնանման մոտեցումներ են գործում նաև ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններում», – եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ, նրա պնդմամբ, կազմակերպությունն իբր սպառնալիքներ է ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար:
Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունները անցել են անդարձելիության կետը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում կայացած միջազգային անվտանգության ֆորումում հայտարարել էր, որ Երևանը գնահատում է ՀԱՊԿ-ից դուրս գալու իր որոշման հետ կապված բոլոր ռիսկերը։