Հոկտեմբերին Հովհաննավանքում իշխանությունների կազմակերպած «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին քննչական մարմիններ ներկայացված դիմումները մերժվել են, բողոքարկումները առայժմ մնացել են անպատասխան։ Այս մաիսն Sputnik-ին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Հովհաննավանքի մասով մենք հաղորդում էինք ներկայացրել գլխավոր դատախազին, խնդրել էինք բարձրացնել Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության հարցը։ Հիմքերը հետևյալն էին` մենք գտնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն Հովհաննավանքում խոչընդոտվել է կրոնական ծեսի կատարումը, ընդ որում` իշխանական կամ ծառայական լիազորություններով պայմանավորված, ինչը ավելի որակյալ է դարձնում հանցագործությունը։ Մենք կարծում ենք, որ վարչապետի, ոստիկանության, քննչական մարմնի ծառայողների, ինչպես նաև Ստեփան Ասատրյանի և այլ քաղաքական անձանց գործողություններով խոչընդոտվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը։
Մենք նաև համարել ենք, որ այստեղ կա նաև ծառայական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանցակազմ, և այդ հարցը նույնպես բարձրացրել ենք։ Բայց քննչական մարմինը քրեական վարույթ չնախաձեռնեց։ Մենք բողոքարկել ենք դատախազին, այնուհետև` դատարան։ Բողոքը մինչև հիմա էլ այս պահին դեռ դատարանում է, պատասխան չունենք»,– ասել է փաստաբանը։
Ավելի վաղ Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Տեր Արամ քահանա Ասատրյանը հոկտեմբերի 26-ին պատարագ է մատուցել։