Հանրապետության դպրոցներում բացակայությունների միջին թիվը, նախորդ շաբաթվա տվյալներով, չի հասել 20%-ի․ ԿԳՄՍՆ

Հանրապետության դպրոցներում բացակայությունների միջին թիվը, նախորդ շաբաթվա տվյալներով, չի հասել 20%-ի, Armenia Today-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։ 

Ըստ նրանց՝ այս թիվը ներառում է ոչ միայն հիվանդությունների պատճառով բացակայությունները, այլև աշակերտների բացակաների ամբողջական թիվը։

ԿԳՄՍ նախարարությունը չունի այս սուր շնչառական վարակների պատճառով հեռավար ուսուցման անցնող դասարանների թիվը, քանի որ այդ թիվն անընդհատ փոփոխվում է։ Նախարարության տվյալներով՝ չկան դպրոցներ, որոնք ամբողջությամբ անցել են հեռավար ուսուցման։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 3-ին ցուցում է ուղարկել համաճարակային ֆիլտր ներդնել դպրոցներում։ 

«Երբ չափումների ժամանակ պարզվում է, որ վատառողջ երեխաների թիվը 20%-ը գերազանցում է, երեխաները մի քանի օրով անցնում են հեռավարի։ Դպրոցում սովորական դասերին վերադարձի դեպքում նույնպես երեխաները ստուգում են անցնում ֆիլտրի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում հեռավարը շարունակում են»,- նշել են ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացման ֆոնին դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չկա, սակայն 20%-ից ավել բացակայություն ունեցող դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման, հայտարարել էր Առողջապահությսն նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ավելի ուշ նա նշել էր, որ հեռավարի անցած դասարանների մասին տեղեկություն չունի, սակայն դպրոցահասակ երեխաները ավելի խոցելի են նոր H3N2 շտամի նկատմամբ։
 

Leave a Comment