Չլսված ռեքվիեմից մինչև Սուրբ Պատարագ Վատիկանում․ Վահե Բեգոյանի կարևոր նախաձեռնությունները 2025-ին․ «Երաժշտական եռանկյունի»

Դիրիժոր և կոմպոզիտոր Վահե Բեգոյանի աշխատանքը «Սաղմոսերգու» արական երգչախմբում դրսևորվում է զուսպ և կառուցվածքային մոտեցմամբ, որտեղ առաջնային է երգչախմբային հնչողության ու հոգևոր տեքստի ներդաշնակությունը։ Նրա ղեկավարությամբ երգչախումբը ներկայացրել է բարդ ու հավակնոտ ծրագրեր, այդ թվում՝ Ռախմանինովի հոգևոր խմբերգերը, որոնցում Բեգոյանը պահպանում է բազմաձայնության մաքրությունն ու տեխնիկական հստակությունը։ Նույն սկզբունքը երևում է նաև Կոմիտասի «Պատարագի» մեկնաբանության դեպքում, որտեղ սրբորեն պահպանվում է ստեղծագործության հոգևոր-ծիսական բնույթը և ազգային հնչերանգը։

Բեգոյանը հանդես է գալիս նաև որպես կոմպոզիտոր։ Նրա ստեղծագործությունները՝ «Pater Noster», «Lamento», «Triptych of the Mother of God» և այլ գործեր, առանձնանում են հնչողության մաքրությամբ, ինչպես նաև ավանդական և ժամանակակից կոմպոզիտորական մտածողության ներդաշնակմամբ։

2025-ին Բեգոյանի կարևոր նախաձեռնություններից մեկն էր Սիգիզմունդ Ռիթեր ֆոն Նեյկոմի «Ռեքվիեմի» (Requiem pour la Chapelle Royale de Dreux) հայկական պրեմիերան, որը կայացավ հունիսի 7-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Ստեղծագործությունը գրվել է Բուրբոնների արքայական ընտանիքի պատվերով և նախատեսված է արական երգչախմբի, չորս մեներգչի՝ երկու տենորի, բարիտոնի, բասի և երգեհոնի համար։ Ռեքվիեմն առաջին անգամ էր հնչում Հայաստանում, և դիրիժորի հետևողականությունը համաշխարհային հոգևոր ժառանգության ներկայացման գործում գնահատելի ու արժեքավոր է։

Խմբավարի և երգչախմբի համար բացառիկ ու նշանակալի իրադարձություն էր Տանն Կիլիկիո կաթողիկե պատրիարք-կաթողիկոս Ռաֆայել ԻԱ Մինասյանի հրավերով մասնակցելը Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված գոհաբանական պատարագին։

Պատարագը նվիրված էր Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն ԺԴ պապի կողմից Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման առիթին։ Բեգոյանի խոսքով՝ յուրաքանչյուր երաժշտի, առավել ևս հոգևոր երաժշտության ոլորտում աշխատողի համար, կաթոլիկ եկեղեցու սրտում երգելը իրադարձություն է, որը բաժանում է կյանքը «մինչև»-ի և «հետո»-ի։ Այս պահը նրա մասնագիտական գործունեության կարևոր հանգրվաններից է և ընդգծում է «Սաղմոսերգու» երգչախմբի ստեղծագործական նպատակների ու առաքելության լրջությունը ժամանակակից կատարողական արվեստում։

Leave a Comment