Կիևի դիմումով Լեհաստանում ձերբակալվել է Էրմիտաժի աշխատակիցը, որը մեղադրվում է Ղրիմում անօրինական պեղումներ կատարելու մեջ

Քաղաքականություն

11.12.2025 | 17:08

Ուկրաինայի դիմումով Լեհաստանում ձերբակալվել է ռուս հնագետ, Էրմիտաժ թանգարանի աշխատակից Ալեքսանդր Բ.-ն, հաղորդում էRMF FM ռադիոկայանը։ Ենթադրվում է, որ խոսքը ​​Էրմիտաժի անտիկ աշխարհի բաժնի վարիչ Ալեքսանդր Բուտյագինի մասին է, գրում է The Insider-ը։

Կիևը գիտնականի նկատմամբ հետախուզում է հայտարարել՝ բռնակցված Ղրիմում «անօրինական հնագիտական ​​հետազոտություններ անցկացնելու համար»։ Մասնավորապես, խոսքը Կերչի Միրմեկի հին քաղաքի տարածքում պեղումների մասին է։

Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ Բուտյագինն է պատասխանատու Ղրիմի մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման համար, որի վնասը գնահատվում է ավելի քան 200 միլիոն գրիվեն (4,8 միլիոն դոլար)։

RMF FM-ն պարզել է, որ Բուտյագինը ճանապարհորդել է Եվրոպայով մեկ՝ դասախոսությունների շարք կարդալով։ Նա ձերբակալվել է անցյալ շաբաթ Վարշավայում՝ Նիդերլանդներից Բալկաններ մեկնելու ճանապարհին։ Ձերբակալությունից հետո գիտնականը հարցաքննության է տարվել, բայց հրաժարվել է պատասխանել հարցերին։

Բուտյագինն այժմ կալանքի տակ է, Ուկրաինան մտադիր է պահանջել նրա արտահանձնումը։ Ուկրաինայի դատախազությունը գիտնականի դեմ հետաքննություն է սկսել նոյեմբերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment