11 դեկտեմբերի 2025 – 16:13 AMT
PanARMENIAN.Net – Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը Մոսկվայի փոխարեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։ Նա Մոսկվա է մեկնել դեկտեմբերի 11–ի առավոտյան։ Այդ մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։l
«Կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել։ Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։
Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին»,–ասվում է գրառման մեջ։
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:
Կառավարությունից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-12-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: