Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահները կրկին կրակի տակ են հայտնվել լիբանանա-իսրայելական սահմանին:
Այս մասին հայտնել է UNIFIL-ի մամուլի ծառայությունը։
Հաղորդվել է, որ իսրայելական ուժերը «Մերկավա» տանկի վրա տեղադրված գնդացիրից կրակ են բացել:
«Տանկը գտնվում էր Լիբանանի տարածքում, և մեր պարեկախմբի վրա արձակվել է ավելի քան 10 կրակոց», – ասվում է հայտարարության մեջ։
«Մենք խաղաղապահների գնդակոծությունը համարում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի լուրջ խախտում, քանի որ իսրայելական կողմը նախապես տեղեկացվել է նրանց գտնվելու վայրի և ժամանակի մասին»,-նշվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:
UNIFIL-ի հրամանատարությունը պահանջում է, որ իսրայելական բանակը դադարեցնի իր ագրեսիվ վարքագիծը և հարձակումները սահմանային գոտում կայունությունը վերականգնելու ուղղությամբ աշխատող ՄԱԿ-ի ուժերի դեմ: