Հայաստանում կա ակտիվացում սուր շնչառական վարակների մասով, աճել է դիմելիությունը թե՛ ամբուլատոր օղակում, թե՛ հիվանդանոցային
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում կա ակտիվացում սուր շնչառական վարակների մասով, աճել է դիմելիությունը թե՛ ամբուլատոր օղակում, թե՛ հիվանդանոցային, հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության տակ, անցկացնում ենք շուրջօրյա մոնիթորինգ ինչպես պացիենտների դուրս գրման, այնպես էլ նոր դեպքերի մասով», – ասաց նա այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նախարարի խոսքով, կրթության գործընկերների հետ գործարկել է մեխանիզմ, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, նրանք հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասապատրաստման։
«Այս պահի իրավիճակով չեմ կարող ասել քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, բայց նորից եմ կրկնում, դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են՝ հիմնվելով իրավիճակի վրա։ Այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը», – ասաց Ավանեսյանը։
Միաժամանակ Ավանեսյանը չկապեց սուր շնչառական վարակների տարածումն օդի աղտոտվածության հետ՝ նշելով, որ վիրուսային հիվանդությունները կապ չունեն օդի աղտոտվածության հետ, դրանք սեզոնային տրամաբանությամբ սկսում են ակտիվանալ նոյեմբերից մինչև հունվարի վերջ։
Հայաստանում այս պահին տարածված են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներ, ինչպես նաև Ա տեսակի գրիպը (H3N2)։