Մայր Աթոռն արձագանքել է 10 եպիսկոպոսների հայտարարությանը, որտեղ նրանք քննադատել էին եպիսկոպոսների ժողովը չեղարկելու Էջմիածնի որոշումը։
Եպիսկոպոսները դեկտեմբերի 10-ին հայտարարություն էին տարածել, որ ժողովը հետաձգվել է «չհիմնավորված պատճառաբանությամբ», բացի այդ շեշտել են, որ հավաքը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներին իրենց տեսակետը արտահայտելու և փաստարկելու, սակայն բարձրացված լրջագույն հարցերը մնացել են անպատասխան։
Հայտարարությանն ի պատասխան Մայր Աթոռը News.am-ին ցավ է հայտնել, որ 10 եպիսկոպոսները Մայր Աթոռի և գարեգին Բ-ի հետ հարաբերությունները պահպանում են «սոսկ հայտարարությունների միջոցով, իսկ ներկայացվող «խնդիրների» արծարծումը շարունակում ոչ թե եկեղեցական մարմիններում, Հայոց Հայրապետի հետ հանդիպումներում, այլ բոլորովին այլ հարթակներում, բոլորովին այլ, հայտնի նպատակադրումներով»։
«Մայր Աթոռը սպառիչ կերպով բերել է հիմնավորումները եպիսկոպոսաց ժողովի հետաձգման, հանգամանքներ, որոնց ճնշող ներգործության ներքո ակնհայտորեն գտնվում են նաև վերջին հայտնի հայտարարությունների հեղինակ ներկայացող Գերաշնորհ Սրբազան Հայրերը»,- ընդգծել են Էջմիածնից։
Մայր Աթոռը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու մասին։ Ժողովին նախորդել էին կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործընթացները, եկեղեցուն առնչվող հայտարարությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։
Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։
Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ են Բագրատ, Միքայել և Արշակ արքեպիսկոպոսները, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Կալանքի տակ են նաև Գարեգին 2-րդի եղբայրն ու եղբորորդին։
Կարդացեք նաև՝
