Ուկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել Թրամփի խաղաղության ծրագրին իր պատասխանը

Ուկրաինայի իշխանությունները ԱՄՆ նախագահի վարչակազմին
են փոխանցել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանն ուղղված ԱՄՆ խաղաղության ծրագրի
վերջին նախագծին իրենց պատասխանը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ և Ուկրաինայի
պաշտոնյաներին: «ՌԲԿ-Ուկրաինա»-ի աղբյուրը հայտնել է, որ Կիևը Վաշինգտոնին է փոխանցել
«խաղաղության թարմացված ծրագիրը»:

Axios-ի տեղեկություններով՝ Ուկրաինան Թրամփի վարչակազմին
է հանձնել ԱՄՆ առաջարկների մանրամասն պատասխանը՝ իր եվրոպացի դաշնակիցների հետ խորհրդակցելուց
հետո: Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը պատասխանն ուղարկել է ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին:

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ պատասխանը պարունակում
է մեկնաբանություններ և առաջարկվող փոփոխություններ՝ «այդ ամենը իրագործելի դարձնելու
համար»։ Նա նշել է, որ Ուկրաինայի պատասխանը պարունակում է նոր գաղափարներ առ այն,
թե ինչպես լուծել տարածքային հարցերը և Զապորոժիեի ԱԷԿ-ի կարգավիճակը, որը գրավել է
Ռուսաստանը։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները,
ինչպես սպասվում է, դեկտեմբերի 11-ին կհանդիպեն առցանց՝ ԱՄՆ խաղաղության ծրագրի կոնկրետ
մանրամասների քննարկումը շարունակելու համար։

 

Leave a Comment