Անահիտ Ավանեսյանը  չի բացառում, որ Շիրակի թեմի առաջնորդի բժշկական օգնության խնդրանքը կբավարարվի

Անահիտ Ավանեսյանը չի բացառում հնարավորությունը, որ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ բժշկական օգնության դիմումը կբավարարվի։ Այս մասին  այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա հավաստիացրեց, որ ուշադիր են յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ Միքայել Աջապահյանի առողջության նկատմամբ, և անհրաժեշտ բժշկական օգնությունը ժամանակին տրամադրվել է։

«Դիմումը մենք  այսօր ենք ստացել։ Կնայենք և ընթացք կտանք։ Հարցը վերաբերում է կոնկրետ բժշկական կենտրոնում բժշկական ծառայություններ ստանալուն», – նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նա միաժամանակ հավելեց, որ դիմումը պետք է համապատասխանի բոլոր ընթացակարգերին՝ ընթացք ստանալու համար։

«Մենք երբեք նման հարցում չենք ստացել», – ասաց նախարարը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ անազատության մեջ գտնվող բոլոր քաղաքացիներն անհրաժեշտ բժշկական ծառայություններ են ստանում։

«Չկա որևէ մի անձ քրեակատարողական հիմնարկներում, ով անհրաժեշտություն ունի բուժզննման, սպասարկման, վիրահատության, որը ինչ-որ կերպ սահմանափակված է նրա իրավունքը։ Ես սա բացառում եմ», – հավաստիացրեց Ավանեսյանը։

Leave a Comment