Factor TV-ի ահազանգից հետո դատապարտյալը քիմիաթերապիայի առաջին կուրսն է ստացել

Factor TV-ի և ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ահազանգերից հետո «Աբովյան» ՔԿՀ դատապարտյալ, 40-ամյա Ռուզաննա Տուդոյանը ստացել է քիմիաթերապիայի առաջին կուրսը։ 

ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը միևնույն ժամանակ արձանագրում է, որ կնոջ հաղորդած տվյալներով՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ քիմիաթերապիայի գործընթացն առնվազն 3-4 ամիս ուշացվել է՝ առանց պարզաբանված և օբյեկտիվ պատճառների։ «Այս հանգամանքը լրջագույն մտահոգություն է առաջացնում բժշկական ծառայության մատչելիության և ժամանակին տրամադրման վերաբերյալ»,-  արձանագրում է խումբը։

Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ՝ դատապարտյալի խնդրանքով, Factor TV-ն ՔԿՀ-ում հանդիպել էր նրան։ Մեզ հետ զրույցի ընթացքում Տուդոյանը պատմել էր, որ հունիսին պարանոցին փոքրիկ գոյացություն է նկատել, ինչից հետո ամիսներ են պահանջվել, որ տարբեր հետազոտություններ անցնի։ Վերջնական ախտորոշումը՝ քաղցկեղը, հաստատվել է օգոստոսին, ինչից հետո քիմիաթերապիայի է նշանակվել, սակայն ընդունումն ավելի քան 4 ամիս է՝ ձգձգվում էր։

Դատապարտյալն ավելի ուշ իմացել է, որ քիմիաթերապիայի կուրսի ընդունման համար 30 հազար դրամի հասնող դեղորայք է պակասում, ուստի ինքն է հայթայթել գումարը և ամեն օր սպասել, որ բուժումը սկսեն․ «30 հազար դրամի համար էստեղ չեմ մեռնի»,- ասել էր դատապարտյալը։

Իսկ ինչո՞ւ պետության հոգածության տակ գտնվող դատապարտյալը ժամանակին բուժօգնություն չի ստանում․ հարցը բարձրացնելուն զուգահեռ Factor TV-ն գրավոր հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն, խնդրելով հայտնել՝ ինչո՞ւ է ձգձգվում Տուդոյանի պատշաճ բուժօգնություն ստանալու գործընթացը և արդյո՞ք այն ամբողջությամբ չպետք է պետությունը ֆինանսավորի։ Գերատեսչությունն ուշացած էր պատասխանել հարցմանը, այն էլ առանց հստակ պատասխանելու մեր հարցերին, միայն օրենքի հղում ուղարկելով․

««Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգն» իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 26 մայիսի 2006 թվականի N 825-Ն որոշման՝ արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում կցագրված առողջության առաջնային պահպանման կազմակերպության պայմաններում, իսկ հիվանդանոցային բուժման դեպքում՝ մասնագիտացված բժշկական հաստատություններում»։

Փաստացի, նախարարությունը չի հստակեցնում՝ արդյո՞ք պետությունն ամբողջապես պետք է հոգա քիմիաթերապիայի ծախսերը, թե ոչ։  

Ռոզա Վարդանյան

Leave a Comment