Այսօր ենք ստացել վիրահատության մասին դիմումը․ պետք չէ շահարկել․ Ավանեսյանը՝ Միքայել Աջապահյանի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանների դիմումը՝ նրան իր նախընտրելի բժշկական կենտրոնում վիրահատելու մասին, ստացել են այսօր՝ դեկտեմբերի 11-ին։

Նա պարզաբանել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի բուժսպասարկումը իրականացվում է որոշակի ընթացակարգով։

«Դիմումներ և առաջարկներ են եղել պատշաճ բուժօգնություն կազմակերպելու, որն առանց այդ դիմումների էլ կազմակերպվում էր։ Հարցը վերաբերվում է կոնկրետ բժշկական կենտրոն գնալու հետ և սահմանված կարգով դիմելու, այս մասին եմ խոսում, որ նոր ստացել ենք նման դիմում։ Պետք չի շահարկումների տեղիք տալ։ Մենք ցանկացած անձի, այդ թվում նաև Միքայել Աջապահյանի, առողջական ցանկացած խնդրի մասով եղել ենք շատ ուշադիր, ժամանակին և անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրել ենք, այլ մանրամասների չեմ կարող անդրադառնալ»,- շեշտել է նա։

Նախարարը նշել է, որ ըստ ընթացակարգի դիմումը կքննարկեն ու չի բացառել, որ կարող են դրական պատասխան տալ։

Դեկտեմբերի 8-ին Աջապահյանի պաշտպանների թիմը մտահոգություն էր հայտնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կեցվածքի և սրբազանի առողջության հետ կապված հարցով դանդաղկոտություն դրսևորելու վերաբերյալ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, մինչդեռ, լրագրողներների հետ զրույցում պնդել էր, որ արքեպիսկոպոսը «ծայրահեղ ծանր վիճակում չէ»։ Նա նշել էր, որ պաշտպանական կողմը կարող է դիմում ներկայացնել, և այն կքննարկվի։

Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։

Leave a Comment