ՔԿ-ն չի մեկնաբանում՝ ինչու են խուզարկում Արցախի ներկայացուցչությունը

ՔԿ-ն չի մեկնաբանում՝ ինչու են խուզարկում Արցախի ներկայացուցչությունը

11 դեկտեմբերի 2025 – 13:52 AMT

PanARMENIAN.Net – Քննչական կոմիտեն Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում: Կառույցից որևէ մեկնաբանություն չեն տվել, թե ինչ հիմնավորմամբ են խուզարկություններ անում։

«Չենք մեկնաբանում»,- հայտնել են ՔԿ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Դեկտեմբերի 10–ին այնտեղ արցախցիների վերադարձին վերաբերող խորհրդարանական լսումներ են անցկացվել։

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Ադրբեջանում տեսնում են, երբ Հայաստանում ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։

«Մի կողմից լսում են, որ մեր ընդդիմությունը ասում է՝ Հայաստանում բռնաճնշումներ են, բռնապետություն է, Ադրբեջանն ասում է՝ «մի րոպե, եթե այսքան բռնապետություն է, բա ինչի՞ կառավարությունն այդ բաները չի արգելում, ուրեմն իրենք թաքնված օրակարգ ունեն։ Ուրեմն, իրականում, որ ասում են՝ Ղարաբաղի շարժումն ավարտել, են, մյուս կողմից էլ ասում են՝ գնացեք քննարկումներ արեք»»,- նշել էր նա։

Փաշինյանը նաև հայտարարել է՝ եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է՝ մենք նորից կսկսենք Ղարաբաղյան շարժումը։

«Վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Ես ասել եմ՝ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան շարժումը ավարտվել է, և սկսելու փորձերն օգտակար չեն»,- ընդգծել է վարչապետը։

Խուզարկությունների և խորհրդարանական քննարկումների միջև կապի վերաբերյալ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի հրապարակվել։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում։

Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, առաջ քաշում արհեստական «արևմտյան Ադրբեջան» հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում»:

Աբրահամյանը ընդգծել է, որ խուզարկությունը տեղի է ունեցել խորհրդարանական լսումներից անմիջապես հետո, որոնք վերաբերում էին Արցախի բնակիչների վերադարձի հնարավորություններին։ Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների գործողությունները համապատասխանում են Ադրբեջանի առաջ քաշած պահանջներին՝ ստեղծելով տպավորություն, որ դա արվում է արտաքին ճնշման ներքո։

Ներկայում Քննչական կոմիտեն որևէ հրապարակային մեկնաբանություն չի տվել իրականացվող խուզարկության պատճառների կամ նպատակի վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առաջարկում է Ադրբեջանին համատեղ մշակել ճանապարհային քարտեզ՝ զուգահեռաբար փակելու «Արևմտյան Ադրբեջանի» և Ղարաբաղի հայերի վերադարձի հարցերը։

Leave a Comment