Փաշինյան․ Առաջիկայում ադրբեջանական պատվիրակություններ կգան ՀՀ

Փաշինյան․ Առաջիկայում ադրբեջանական պատվիրակություններ կգան ՀՀ

11 դեկտեմբերի 2025 – 13:39 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում են ադրբեջանական պատվիրակությունների այցեր Հայաստան՝ ընդգծելով, որ արտաքին հարաբերություններում բալանսավորված քաղաքականության իրականացումը արդյունքներ է տվել։

«Այս տարի մեր արդեն երկու պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջան մեկնել։ Առաջիկայում նաև համոզված եմ ադրբեջանական պատվիրակություններ կգան։ Այս տարի Ադրբեջանով գնացք է մտել ՀՀ։ Ես մամուլում կարդում եմ, որ քննարկվում է նաև նավթամթերքի ներկրման հարցը, այսինքն, սա բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն է, որտեղ մենք, ի վերջո, ունենք հաջողություն։ Ինչի՞ ենք այդ հաջողությունից ուզում հրաժարվել, պետք է այս հաջողությունը զարգացնել։ Մենք ասում էինք՝ մենք Եվրամիության հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հեճուկս Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի։ Ասում էին՝ այդ ոնց, ո՞նց կարող է այդպես լինել։ Հենց այսպես»,– ընդգծել է Փաշինյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ 2021 թվականի կառավարության ծրագրում հատուկ բաժին կա տարածաշրջանացում։

«Ես այս տարի մեր հարևան բոլոր երկրների ղեկավարների հետ ունեցել եմ հանդիպումներ և շփումներ։ Ընդ որում՝ աշխատանքային կամ պաշտոնական այցեր, ոտքի վրայի խոսակցություններ էլ է եղել, բայց նաև աշխատանքային և պաշտոնական այցեր են եղել»,–ասել է նա՝ թվարկելով այն երկրներն ու մայրաքաղաքները, որտեղ վերջին շրջանում ինքն այցելել է. Մոսկվա, Վաշինգտոն, Պեկին, Տոկիո, Ստամբուլ, Ֆրանսիա, Գերմանիա, Ղազախստան, Շարմ էլ շեյխ, Աբու-Դաբի, Դանիա, Վրաստան։

Վարչապետը պարզաբանել է, որ տարածաշրջանային քաղաքականության շրջանակում շարունակվում է ակտիվ փոխգործակցությունը հարևան պետությունների հետ՝ ընդգծելով ոչ միայն այցելությունները, այլև ստեղծվող ենթակառուցվածքային կապերը, այդ թվում՝ երկաթուղային ուղիների գործարկումը։

Փաշինյանի խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը կարող է հավասարակշռված կերպով միաժամանակ զարգացնել տարբեր ուղղություններով հարաբերությունները՝ առանց որևէ կողմին հակադրվելու։

Leave a Comment