ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը կարող են անցնել ընդդիմության կողմ և ամեն կերպ սիրաշահում է նրանց, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Փաշինյանը Ղազարյանին և Աբազյանին առաջարկել է մարզպետի պաշտոն, սակայն երկուսն էլ հրաժարվել են: Նրանք կա՛մ չեն վստահում երկրի ղեկավարին, կա՛մ ավելի բարձր պաշտոնի հավակնություն ունեն, նշել է լրատվականը։
Թերթը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ մի խումբ ՔՊ-ականների հետ սեղանի շուրջ էին նաև երկու նախկին պաշտոնյաները։ Նրանց մոտիկ տարածքում են պահում, փորձում են կառավարել, որ հանկարծ ընդդիմության շարքերը չանցնեն, պնդել է թերթը։
Ղազարյանը 2024 թվականի նոյեմբերի 18-ին հրաժարական էր տվել ՆԳՆ ղեկավարի պաշտոնից։ Իր ուղերձում նա նշել էր, որ գերատեսչությանը երկրի համար դժվարին փուլում գտնվող բարեփոխումների իրականացման շնորհիվ հաջողվել է բարձրացնել քաղաքացիների վստահության մակարդակը։
Հունիսի 18-ին Աբազյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ժամանակավոր պաշտոնատար էր նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ Սիմոնյանը: Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին: Նախքան դա զբաղեցրել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնները:
