Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց զբոսաշրջային գյուղեր հայտարարելու մասին որոշումը։
Զբոսաշրջային գյուղեր հայտարարելու որոշման ընդունման նպատակն է խրախուսել գյուղական բնակավայրերին՝ հասնելու միջազգային լավագույն փորձին համապատասխան զբոսաշրջային գյուղի կարգավիճակին, ապահովել զբոսաշրջային ուղղությունների կենտրոնացված, համակարգային կառավարում, զբոսաշրջային ներուժ ունեցող գյուղերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, կարևորել և պաշտպանել տվյալ բնակավայրի միջավայրի լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները։
Ըստ որոշման՝ Հայաստանում, հատկապես՝ Երևանից դուրս, զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը բավական հնարավորություն չի ընձեռում ավելի շատ քանակով և բարձր վճարողունակությամբ զբոսաշրջիկներին սպասարկելու համար։ Մասնավորապես, Հայաստանում դեռևս ձևավորման փուլում է զբոսաշրջային ուղղությունների համակարգված զարգացման գործընթացը, անհրաժեշտ է ձևավորել նոր թեմատիկ ուղղություններով զբոսաշրջային երթուղիներ, կենտրոններ (կլաստերներ)։
