Մեկ օր հայտնի ջութակահարուհի Դիանա Ադամյանի հետ (ՎԻԴԵՈ)

Դիանա Ադամյանի անունը հնչեց աշխարհով մեկ 2018 թվականին Մենուհինի անվան մրցույթում փայլուն հաղթանակից հետո. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դիանա Ադամյանի անունը հնչեց աշխարհով մեկ 2018 թվականին Մենուհինի անվան մրցույթում փայլուն հաղթանակից հետո։ Ինչպե՞ս է այսօր, այդ նշանակալի իրադարձությունից յոթ տարի անց, անցնում հայ արտիստուհու օրը։


Այս տեսանյութում մենք հայտնվում ենք Ժնևում և մեկ սովորական օր ենք անցկացնում Դիանա Ադամյանի հետ. երաժիշտ, ում տպավորիչ նվաճումները խոշորագույն միջազգային մրցույթներում նրան դարձրել են իր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Տեսանյութում ներառված համերգը տեղի է ունեցել Ժնևում՝ Մենուհինի ակադեմիայի մենակատարների հետ համատեղ։ Եհուդի Մենուհինի անվան հեղինակավոր մրցույթի դափնեկիրը և Երաժշտական մրցանակի հիմնադրամի Միջազգային կրթաթոշակների մրցույթի Գրան պրիի մրցանակակիր Դիանան շարունակում է նվաճել համաշխարհային բեմերը։


Տեսանյութը կառուցված է լեգենդար մանկավարժ Կարլ Ֆլեշի երեք սկզբունքների շուրջ, որի «Ջութակ նվագելու արվեստը» գիրքն առաջին անգամ թարգմանվել և հրատարակվում է հայերեն.


1.     Ջութակահարը, նախևառաջ, պետք է դաստիարակի միտքը. մատներն ընդամենը դրա հնազանդ ծառաներն են


2.     Տեխնիկական աշխատանքի նպատակն է ազատել երաժշտական միտքը մեխանիկական դժվարություններից։


3.     Ջութակահարը պետք է լինի մտածող արտիստ, ոչ թե մեխանիկական կատարող։


 Դիանա Ադամյանը ցույց է տալիս, թե ինչպես են Ֆլեշի գաղափարները կյանքի կոչվում ժամանակակից երաժշտի առօրյայում և բեմական պրակտիկայում։ Կարելի է համաձայնվել, որ սա արդիական է ոչ միայն ջութակի արվեստի վարպետների, այլև բոլոր երաժիշտների, ինչպես նաև նրանց համար, ովքեր ընտրում են ստեղծագործությունն ու արվեստը։


Նման մասշտաբի, ճանաչման և դպրոցի դասագրքի հրատարակությունը կարևոր քայլ է Հայաստանում մասնագիտական երաժշտական կրթության զարգացման համար։ Հրատարակությունն իրականացվել է Primavera Charitable Foundation-ի կողմից՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ համագործակցությամբ և Amaryan Charitable Foundation, Apricot Capital և Balchug Capital-ի առատաձեռն աջակցությամբ։

Leave a Comment